Բրիտանացիները iPad-ը և «Մթնշաղ» գիրքը ներառել են գնաճի հաշվարկում
Մեծ Բրիտանիայի վիճակագրական ծառայությունը (ONS) երիտասարդական գրականությունը և պլանշետային համակարգիչներն ավելացրել է այն ապրանքների ցանկում, որոնք ներառվում են սպառողական (CPI) և մանրածախ գների ցուցանիշների (RPI) հաշվարկներում, այս մասին հաղորդում է lenta.ru-ն, հղում անելով ONS-ի մամուլի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պլանշետային համակարգիչները ավելացվել են, քանի որ այդ արտադրանքի շուկան մեծածավալ է և արագ է աճում:
Երիտասարդական գրականությունը` ինչպես օրինակ «Մթնշաղ» գիրքը, ներառված է ցանկում աճող ժողովրդականության պատճառով:
Սպառողական զամբյուղում, ավանդաբար ներառվում են այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք օգտագործում են տնային տնտեսությունները: Ներկայում, նշված գների հաշվարկի համար Մեծ Բրիտանիայում օգտագործվում է մոտ 700 անուն ապրանքատեսակ և ծառայություն, օրինակ` ալկոհոլը, ծխախոտը, բենզինը, հագուստը, սննդամթերքը, բնակշահագործման ծառայությունները, ինչպես նաև զվարճանքի ծախսերը:









