Իսրայելական նորագույն հակահրթիռը սխալմամբ ընկել է բնակելի թաղամասի վրա
Իսրայելի «Երկաթե գմբեթի» արձակած «Թամիր» հակահրթիռը սխալմամբ ընկել է իսրայելական խոշորագույն քաղաքներից մեկի բնակելի թաղամասի վրա, Walla գործակալությանն այսօր հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի` «Ցախալ»-ի բարձրաստիճան մի սպա:
Նա հրաժարվել է նշել, թե որտեղ է կոնկրետ տեղի ունեցել միջադեպը` հայտնելով միայն, որ հակահրթիռը, ընկնելու հետևանքով, չի պայթել: Սակրավորները վնասազերծել են այն և փոխանցել մասնագետներին` տեխնիկական անսարքությունները հայտնաբերելու համար:
«Ցախալ»-ի Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ Գազայի հատվածից երեկ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների հակազդման ժամանակ այդ Հակահրթիռային պաշտպանության համակարգին հաջողվել է ոչնչացնել դրանց 85%-ը: Բանակի տվյալներով` Գազայի հատվածից ընդհանուր առմամբ արձակվել է ավելի քան 220 հրթիռ:
«Երկաթյա գմբեթի» բարձր արդյունավետությունն ընդգծելով` բանակի հրամանատարության ներկայացուցիչներն շեշտել են հակահրթիռի բարձր գինը: Այսպես, յուրաքանչյուր «Թամիր»-ի արձակումն իսրայելական բանակին արժենում է 50-70.000 դոլար:









