ՆԺԿ-ն փորձելու է Հայաստանում փոփոխությունների հասնել փողոցի միջոցով

17:18 • 13.03.12

ՆԺԿ–ն փորձելու է Հայաստանում փոփոխությունների հասնել փողոցի միջոցով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը` նկատի ունենալով հեղափոխությունները, մասնավորապես` օրինակ բերելով արաբական երկրները: Ըստ նրա, փոփոխությունների հասնելու ճանապարհներից մեկը խորհրդարանն է, սակայն ՆԺԿ-ն հրաժարվել է դրանից, քանի որ այնտեղ լուրջ փոփոխությունների հնարավոր չէ հասնել:

Սակայն Արամ Կարապետյանը նշեց, որ իր ցանկությամբ չէ ընտրել փողոցների միջոցով փոփոխությունների հասնելու ճանապարհը: «Դա իմ ցանկությամբ չէ, ամբողջ աշխարհում է արդեն այդպես: Արդեն հայտնի է, որ ամեն ինչ սկսում է միջին դասը, հետո աղքատ դասն է միանում նրանց»:

Ասուլիսի մյուս բանախոս, հանրապետական Մանվել Բադեյանը սակայն նշեց, որ իրենք դեմ են այդ ճանապարհով փոփոխություններին, քանի որ այն շատ կտրուկ է, թեև նրա կարծիքով փոխություններն այդ ճանապարհով ավելի ակնհայտ են լինում:

Ինչ վերաբերում է ՆԺԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուն, Մանվել Բադեյանն ասաց, որ դա գնահատելի և ազնիվ քայլ է համարում: «Կան ՆԺԿ-ից ավելի պակաս պոտենցիալ ունեցող կուսակցությունները, որոնք ուզում են հիշեցնել, որ իրենք կան: Պետք չէ գնալ, իմանալով, որ կպարտվեն»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ «Նոր ժամանակները» կպարտվեն, եթե մասնակցեն ընտրություններին: