Սյուզան Խարդալյանն ուրախ է, որ իր ֆիլմը կհասնի թուրք հանդիսատեսին
Ինչպես նախապես հայտարարվել էր, Ստամբուլում կայանալիք 10-րդ Filmmor կանանց միջազգային կինոփառատոնում կցուցադրվի նաև Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները»:
Ֆիլմին անդրադարձել է նաև «Հյուրիյեթ»-ը, նշելով, որ այն փաստագրական ֆիլմ է, որը պատմում է հեղինակի տատիկի ` 1915 թվականի իրադարձությունները վերապրած Խանում նենեյի մասին:
«Մեծ մորս» դաջվածքները ֆիլմը Ստամբուլի Բեյօղլուի կինոթատրոնում կցուցադրվի Մարտի 15-ին և 16-ին:
Շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանը ուրախ է, որ իր ֆիլմը պետք է հասնի նաև թուրք հանդիսատեսին:
«Իմ ֆիլմը կարող է երկխոսության հարթակ հանդիսանալ` քննարկելու համար այն հարցերը, որոնց մասին դժվար է խոսել: Այն իրականում հրավեր է, պայքարելու մեր մեջ արմատացած տաբուների դեմ: Տաբուներ, որոնք վնասում են և՛ հայերին, և՛ թուրքերին», - ասել է Սյուզան Խարդալյանը:
Նա նշել է, որ հուզվում է այդ խիստ անձնական ֆիլմի պատճառով:
«Երբ անում էի այս ֆիլմը, ես երկար մտորելուց հետո հասկացա, որ ես պետք է անեմ սա: Չնայած ֆիլմը մեծ մորս մասին է, այն նույնքան էլ իմն է: Այն իմ այսօրվա իրականության մասին է», - ասել է Խարդալյանը:
Շվեդահայ ռեժիսորն ասել է, որ թեև երբևէ չի եղել Թուրքիայում, բայց աշխարհագրությունն ինքը անգիր գիտի:










