Երևանի կիսաքանդ հանրակացարաններում բնակվող 93 երեխա դպրոց չի գնում
Արցախ փողոցում գտնվող հանրակացարաններում բնակվող 93 երեխա դպրոց չի գնում: Ի գիտություն համապատասխան պաշտոնական մարմինների՝ այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գևորգ Կոշկերյանը:
Ըստ նրա՝ երեխաների դպրոց չհաճախելու պատճառը հիմնականում տրանսպորտ չլինելն է:
«Ամենամոտ դպրոցը հանրակացարաններից գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Հասկանալի է, որ երեխաներն առանց տրանսպորտի չեն կարող գնալ դպրոց»,- ասաց նա և ավելացրեց, որ դրանցի բացի այլ խնդիրներ էլ կան, հագուստի բացակայություն և այլն:
Այս խնդրով կազմակերպությունը դիմել է քաղաքապետարանին, որտեղից մի առ ժամանակ ավտոբուս տրամադրվել է, հետո կրկին դադարեցվել:
Գևորգ Կոշկերյանը հավելեց, որ այստեղ խնդիրները չափազանց շատ են։ Երեխաներից շատերը ըստ նրա ծննդյան վկայական չունեն, նրանց ծնողներից ոմանք նույնիսկ անձնագեր չունեն, թոշակ անցնելու համար չգիտեն՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և այլն:
Կազմակերպությունը, ըստ նրա, նպատակ ունի թաղամասում երեխաների համար խաղահրապարակ, ֆուտբոլային դաշտ, գրադարան ստեղծել, թատերական խումբ հիմնել, ինչպես նաև երեխաներին տանել պատմամշակութային հուշարձաններ, թատրոններ և Եռաբլուր:
«Այդ երեխաները երբևէ Եռաբլուրում չեն եղել. բա չիմանան ովքեր են մեր հերոսները։ Ցեղասպանության թանգարան չեն գնացել: Ընդհանուր առմամբ, մեր նպատակն է, որպեսզի ոչ մի լքված երեխա չլինի և բոլոր երեխաները ունենան հավասար իրավունքներ»,- ասաց նա:
«Հուսո առագաստ» բարեգործական կազմակերպությունը, Գևորգ Կոշկերյանի խոսքով, զբաղվելով նախկին կալանավորների ընտանքինների խնդիրներով, փորձում է նաև այդ մարդկանց համար աշխատանք գտնել, դեռ ավելին իրենք նպատակ ունեն գործարան հիմնել և պետությանը հարկ տալ:
Այդ նպատակով արդեն դիմել են թե՛ տարբեր գործարանատերերի, և թե՛ պետական պաշտոնյաների, այդ թվում և վարչապետին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:
«Կալանավայրից դուրս եկածների համար դժվար է գործ գտնել, նրանց չեն վստահում: Մենք դիմել ենք Սոցապնախարարություն, խնդրել մեզ նասկի գործելու հաստոց տրամադրեն, նաև մտադրություն ունենք սուրճ արտադրել, անունն էլ դնել «Ազատություն»»,- ասաց նախկին դատապարտյալ, այժմ արդեն «Հուսո առագաստ» բարեգործական կազմակերպության նախագահը:
Վերջում նա նշեց, որ առջևում ընտրություններ են և այն քաղաքական ուժը, որը կաջակցի իրենց և իրենց պահանջները կներառի նախընտրական ծրագրերում, նրանց էլ կընտերն կազմակերպության շուրջ 1000-ից ավելի ընտանքիների անդամները:









