Սերգեյ Կուրղինյանը հեռանում է հեռուստատեսությունից. «Ես զբաղվում եմ լրիվ այլ գործով» (տեսանյութ)
Քաղաքական գործիչ և քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանն ավարտում է հեռուստատեսային կարիերան: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այսօրվանից «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Պատմական գործընթաց» ծրագիրը Նիկոլայ Սվանիձեի հետ կվարի Հեռուստա-ռադիոհեռարձակման պետական համառուսական ընկերության տնօրենի տեղակալ Դմիտրի Կիսելևը:
Սվանիձեի խոսքով` իր գործընկերոջ հեռանալը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա դարձել է առավել ակտիվ քաղաքական գործիչ, իսկ «լրագրությունը դրա հետ վատ է համատեղվում»:
«Սակայն նա չի ասել, որ երբևէ չի մասնակցի ծրագրին», - հավելել է Կուրղինյանի գործընկերը:
Ինքը` գործիչը, հայտնել է, որ ծրագիրը թողնելու որոշումը կայացրել է ինքնուրույն, շեշտելով, որ չի ցանկանում տարիներով բանակռիվ տալ Սվանիձեի հետ, և հավելել, որ հեռուստատեսությունն իր կյանքում գլխավոր տեղ չի զբաղեցնում:
«Մենք ապրում ենք այլ երկրում, և ես երբեք չէի ցանկանա, որ այս ծրագիրը լիներ show must go on սկզբունքով: Սա հիշեցնում է ինչ-որ անվերջություն` կյանքը փոխվում է, իսկ Կուրղինյանն ու Սվանիձեն նախկինի պես վիճում են ու վիճում: Բացի այդ, ծրագրի ավարտը սկսել է հիշեցնել քաղաքական պատերազմ, այլ ոչ երկխոսություն, որովհետև չկան մոտեցման ընդհանուր եզրեր: Մյուս պատճառը` ես այժմ զբաղված եմ այլ բանով, ու երբևէ չեմ երազել հեռուստահաղորդավար դառնալու մասին», - ասել է հայազգի քաղաքագետը:
Այժմ Կուրղինյանն իրեն ամբողջությամբ նվիրել է «Ժամանակի իմաստը» սեփական նախագծին: ««Ժամանակի իմաստը» վիրտուալ ակումբ»-ը գոյություն ունի 2011-ի սկզբից և ձգտում է առավել ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող քաղաքական գործընթացներին:
Վերլուծաբանները նշում են, որ քաղաքագետի` հեռուստատեսությունից հեռացմամբ «Պատմական գործընթաց» հաղորդումը լսարան կկորցնի:
Նշենք, որ հայ քաղաքագետը համակրում է մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթած վարչապետ Վլադիմիր Պուտինին:









