Մեկնարկել է Լեզվի պետական տեսչության պետի թափուր տեղի մրցույթը
Այսօր Քաղաքացիական ծառայության խորհուրդը ժամը 14.30 –ին սկսվում է Կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի անցկացումը՝ երկու՝ թեստային հարցաշարի և բանավոր հարցերի պատասխանների փուլերով: Այս մասին Tert.am –ի ն հայտնեց ՀՀ քաղծառության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Մրցույթին դիմել է երեք հոգի, սակայն մասնակիցների անձնական տվյալները և անուն- ազգանունները այս պահին չեն տրամադրվում:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ այս երեք անձանց թվում է նաև Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, ով այս թեմայով լրատվամիջոցների և նաև Tert.am –ի հարցերին չի պատասխանում:
Մրցույթի ընթացակարգն ըստ Գոռ Աբրահամյանի` հետևյալն է. նախ, մրցութային մասնակիցները լրացնում են թեստային հարցաշար, որի 90 տոկոս ճիշտ պատասխանների դեպքում մասնակցին թույլատրվում է անցնել հաջորդ՝ հարցազրույցի փուլին:
Հարցազրույցը անցկացվում է բանավոր՝ համակարգչի կողմից պատահական ընտրված հարցաշարերի միջոցով: Դրանք մասնակիցներից յուրաքանչյուրի համար տարբեր են լինում:
Նշենք, որ երկրորդ փուլի հարցաշարի հարցերն առնչվում են մրցութային մասնակիցների պաշտոնի անձնագրին, այսինքն՝ նրանց անմիջական պարտավորություններին և քաղաքացիական ծառայությանը:
Հաղթող են ճանաչվում այն անձինք, որոնք հաղթահարում են երկրորդ փուլի 75 տոկոս նվազագույն շեմը: Բացի այդ, հաղթողներ կարող են լինել ոչ ավել, քան երեք անձը:
Սրանից հետո արդեն հաղթողին որոշում և նշանակում է այն գերատեսչության ղեկավարը, որի ենթակայության տակ գտնվող ոլորտում անցկացվում է մրցույթը: Տվյալ դեպքում՝ (եթե մասնակիցները հավաքեն հավասար միավորներ) նշանակումն անելու է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ 75 տոկոս նվազագույն շեմը հաղթահարած և առավելագույն միավորները հավաքած բոլոր մասնակիցները համարվում են հաղթող և այստեղ դեր չի ունենում՝ մասնակիցը հավաքել է 76՞, 77 ՞, թե՞ 75 միավոր:









