Հավատանք, որ փոխենք. Մանվել Բադեյանը իր մեջ փոխելու է կոմֆորմիզմը
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը չգիտի թե, ով է հեղինակել ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, սակայն նա պատրաստ է հետևել այդ կարգախոսին և լինել` իր խոսքով ավելի քիչ կոնֆորմիստ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բադեյանն ասաց, որ չի համարում, թե դա Օբամայի 2008 նախընտրական քարոզարշավի «Change We Can Believe In» կարգախոսի նմանակումն է:
Լրագրողների հարցին, թե արդյոք հեղինակները նախօրոք չեն ուսումնասիրել Օբամայի նախընտրական կարգախոսը, որ հատկապես հենց դա են ընտրել, Բադեյանն ասաց. «Չգիտեմ, ով է հեղինակել, բայց համաձայն եմ կարգախոսի հետ: Պետք չէ մեղադրել պլագիատի մեջ: Եթե նույնը Օբաման է ասում, Սերժ Սարգսյանը չի կարո՞ղ ասել»:
Հարցին` արդյոք հավատալը քաղաքական կատեգորիա է, Բադեյանն ասաց, որ դա ոչ թե, քաղաքական, այլ բարոյական կատեգորիա է:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է պատրաստվում այդ դեպքում իր մեջ հավատալով փոխել պատգամավորը. «Լինել ավելի քիչ կոմֆորմիստ, ավելի աննկուն, անկոտրում` Սերժ Սարգսյանի հնչեցրած գաղափարները կյանքի կոչելու համար»:









