Բաց դատ Մաշտոցի պուրակում. Պահանջում են ապամոնտաժել կրպակները

15:28 • 13.03.12

Այսօրվանից Երևանի Մաշտոցի այգում նախքան նստացույցի սկսվելը այգում տեղի ունեցավ բաց՝ քաղաքացիական դատավարություն:

Ինչպես նշեցին դատավարության մասնակիցները, նման դատավարություն Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ և այս ամենը միտված է քաղաքացիական հասարակության զարգացմանը:

«Այստեղի վճիռը մեզ համար կունենա իրավական ուժ, և մենք կվարվենք մեր ազատ ու անկախ դատարանի վճռով: Դատարանն ավելի շատ երդվյալ ատենակալների դատարանին է նման և մեկ դատավոր չէ որ վճիռ է կայացնելու»,- ասաց բնապահպան ակտիվիստներից մեկը:

Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները Քաղաքապետարանից պահանջում են ապամոնտաժել պուրակում տեղադրված կրպակները։

Այսօրվա «Դատական նիստի» ժամանակ խորհրդանշական դատարանը լսեց հայցվոր կողմին, հայցվորների պահանջն ու խոսքը: Մասնակիցները նշեցին, որ պատշաճ կերպով ծանուցվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները, սակայն այսօրվա բաց դատին քաղաքապետարանից ներկայացուցիչ չկար:

Ողջ դատավարության ընթացքում տեղում ծառայություն էին իրականացնում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները: Ոստիկանների աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ոստիկանության Երևան քաղքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը:

Պուրակում դատավարությունն ավարտվեց, և «դատարանը» ուրբաթ օրը կհրապարակի վճիռը: Մեզ հետ զրույցում բնապահպանները նշեցին, որ եթե այգում գտնվող շինությունները չապամոնտաժեն քաղաքապետարանի վճռով, ապա իրենք դա կանեն իրենց ուժերով:

Այգում էին գտնվում նաև մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք ողջ ընթացքում հետևում էին տեղի ունեցող գործընթացներին: