«Եդինայա Ռոսիա»-ն կմասնատվի երեք խմբակցությունների. մամուլ

12:24 • 13.03.12

Այս շաբաթվա վերջին Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կարող է հայտարարել երեք առանձին դաշինքների, իսկ հեռանկարում` Պետդումայում երեք տարբեր խմբակցությունների ստեղծման մասին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Խմբակցությունները կստեղծվեն «Եդինայա Ռոսիա»-ի` արդեն գոյություն ունեցող ակումբների հենքի վրա:

Ենթադրվում է, որ կուսակցության «թևերն» իրենցից կներկայացնեն երեք քաղաքական ուղղություններ` լիբերալ, պահպանողական և հայրենասիրական: Ակնկալվում է, որ Օլգա Կրիշտանովսկայայի գլխավորած լիբերալ ակումբը կմիավորվի պատգամավոր Վլադիմիր Պլիգինի ղեկավարած «Նոյեմբերի 4» լիբերալ-պահպանողական ակումբին:

Սոցիալ-պահպանողական ակումբը կձևակերպվի պահպանողական խմբակցության, իսկ հայրենասիրական խմբակցությունը կստեղծվի պետական- հայրենասիրական ակումբի հենքի վրա:

Քաղաքագետները գտնում են, որ «Եդինայա Ռոսիա»-ի հենքի վրա երեք քաղաքական պլատֆորմ ստեղծելու մտադրությունը պայմանավորված է կուսակցությունում փոփոխությունների անհրաժեշտությամբ: «Եդինոռոսների» ցածր վարկանիշը և Պետդումայի ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրակեղծիքները հանգեցրին նրան, որ նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ «հեռացավ» իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրած կուսակցությունից: