Կադաֆին Սարկոզիին չի աջակցել 2007թ. ընտրություններում. ֆրանսիացի նախագահը հերքում է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կտրականապես հերքել է տեղեկությունն այն մասին, թե Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին 2007թ.-ին ֆինանսավորել է իր նախընտրական քարոզարշավը, հաղորդում է France presse գործակալությունը:
Երեկ ֆրանսիական Mediapart ինտերնետ-պարբերականը մի փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե լիբիական ռեժիմը 50 մլն եվրո է փոխանցել Սարկոզիի նախընտրական շտաբին` քարոզարշավի կարիքների համար:
Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ քարոզարշավի ֆինանսավորման շուրջ բանակցությունները վարել են Կադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը և ոմն Զ.Թ., ով, լիբիական ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիադ Թաքիեդինն է:
Մեկ տարի առաջ Սեյֆ ալ Իսլամը Սարկոզիից ետ է պահանջել գումարը: Նա նշել էր, որ լիբիական իշխանություններն ունեն գումարի փոխանցման մասին վկայող բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում` բանկային հաշվեհամարներ ու բանկային փոխանցումների մասին վկայող փաստաթղթեր:
«Ես խորապես վշտացած եմ, որ TF1-ի նման հեռուստաալիքը չունի ինձ ուղղելու ավելի լավ հարց, քան հարցնել ինձ Կադաֆիի կամ նրա որդու հայտարարությունների մասին: Երբ մեջբերվում են նրանց խոսքերը, որոնք դիկտատորներ էին և մարդասպաններ... ես, անկեղծ ասած, մտածում եմ, որ դա քաղաքական բանավեճերի շատ ցածր մակարդակ է», - եթերում ասել է Սարկոզին:
Իր հերթին Զիադ Թաքիեդինը France 24 հեռուստաալիքի եթերում ասել է, որ «ոչ մի նման բան տեղի ունենալ չէր կարող»:
Ֆրանսիայում երկփուլ նախագահական ընտրությունները նշանակված են ապրիլի 22-ին և մայիսի 6-ին: Վերջին հարցումների համաձայն` Սարկոզին կարող է պարտվել իր մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:









