Սենատորները Պենտագոնից պահանջում են խզել Ռուսաստանի հետ ռազմական պայմանագիրը
Մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ են ուղարկել ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետային` սպառազինությունների գնման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով: Նրանց կարծիքով` գումարը, որը վճարում է Պենտագոնը ռուսական կողմին, «արդյունքում գնում է սիրիական բանակի զինմանը»:
«Պետք չէ ստիպել ամերիկացի հարկատուներին անուղղակիորեն հովանավորել Սիրիայում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները: Պաշտպանության նախարարության պայմանագրերը ֆինանսավորում են ռուսական ընկերությանը, որն աջակցում է սիրիական վայրագություններին», - ասված է սենատորների նամակում:
Ինչպես հաղորդում է newsru.com-ը, հանրապետականներ Ջոն Կորնինի, Քելի Այոթի և դեմոկրատներ Դիք Դուրբինի ու Քիրսթեն Ջիլիբանդի պատրաստած նամակին աջակցում են նաև նրանց 13 գործընկերները:
Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը, ինչպես նշում են սենատորները, Պենտագոնի հետ կնքել է մոտ 1 մլրդ դոլարի պայմանագիր, որի համաձայն` Աֆղանստանում ամերիկյան զորքին պետք է մատակարարվի ավելի քան 20 հատ Մի-17 տիպի ուղղաթիռ` ընդհանուր 375 մլն դոլար արժողությամբ, նաև իրականացվեն վերանորոգումներ ու սպասարկման աշխատանքներ` 550 մլն դոլար արժողությամբ:
«Առաջին հերթին, ծայրահեղ տհաճ է, երբ հարկատուների գումարներն ուղղվում են ռուսական սպառազինությունների գնմանը, փոխարենն ուղղվեին ամերիկյան արտադրության առաջնակարգ սարքերի գնմանը: Սակայն ավելի անհանգստացնող է այն փաստը, որ Պաշտպանության նախարարությունը համագործակցում է մի ընկերության հետ, որը երկար տարիներ գտնվել է ԱՄՆ «սև ցուցակում»` իրանական միջուկային ծրագրի հետ համագործացության համար», - ասվում է նամակում:
Ամերիկյան պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս նամակին:
Ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սիրիայի հետ կնքված պայմանագրերի համաձայն` երկիր զինամթերքի մատակարարումը չի դադարեցվի` չնայած արևմտյան մի շարք երկրների դժգոհությանը: Միևնույն ժամանակ նշվել է, որ ռուսական զենքը չի օգտագործվում Սիրիայի իշխանությունների հակառակորդների ոչնչացման նպատակով:









