Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ զինվում է արտասահմանյան երկրների օգնությամբ

00:35 • 13.03.12

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները երկուշաբթի օրը հայտարարել են, որ որոշ պետություններ, իրենց զինված ստորաբաժանումներին զենք են մատակարարում, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Ջորջ Սաբրան (George Sabra) Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմությունը հատուկ համակարգող բյուրո է ստեղծել, որը Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կռվողներին զենք է մատակարարում` օգտագործելով արտասահմանյան երկրների օգնությունը:

Ըստ Սաբրայի, խոսքը վերաբերվում է` այսպես կոչված «Սիրիական ազատ բանակին», որը Սիրիայի ազգային խորհրդի ռազմական թևն է: Այդ ջոկատները նախորդ տարվա աշնանն են ձևավորվել: Ընդդիմության պնդմամբ` ջոկատները կազմավորվել են կանոնավոր բանակից, ընդդիմության կողմն անցած զինվորականներից:

Սաբրան չի տեղեկացրել, թե որտեղ է գտնվում բյուրոն և հատկապես որ պետություններն են մասնակցում ընդդիմությանը զենք մատակարարելով:

ՍԱԽ ներկայացուցիչ Ջ. Սաբրան Ստամբուլի ասուլիսի ժամանակ նաև հայտարարել էր, որ Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտություն է անհրաժեշտ։