Ո՞ւմ կնշանակի Արմեն Աշոտյանը՝ Սերգո Երիցյանի՞ն, թե՞ իր տեղակալ Մարինե Հովյանին
Քիչ առաջ ավարտվել է Լեզվի պետական տեսչության պետի թափուր տեղի մրցույթը, որին մասնակցող երեք մասնակիցներից Եսայի Թադևոսյանը չի հաղթահարել առաջին փուլը, իսկ մյուս մասնակիցները՝ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը անցնելով երկրորդ փուլ՝ համարվել են հաղթողներ: Այս մասին Tert.am-ին ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Եսայի Թադևոսյանը չի հաղթահարել առաջին թեստային հարցաշարի լրացման փուլը՝ սխալ պատասխանելով 7 հարցի (առավելագույն սխալվելու հնարավորությունը 5 հարցն է):
Մարինե Հովյանը սխալվել էր մեկ հարցի պատասխանում և անցել երկրորդ փուլ, իսկ Սերգո Երիցյանը երկրորդ փուլ է անցել 100 տոկոս արդյունքով:
Երկրորդ փուլում Մարինե Հովյանի և Սերգո Երիցյանի ցուցանիշներն են համապատասխանաբար՝ 87,2 և 96. 4 տոկոս:
Նշենք, որ մեկից ավել հաղթող ճանաչված թեկնածուների դեպքում նշանակումը անում է այն գերատեսչության ղեկավարը, ում ենթակայության տակ է գտնվում թափուր պաշտոնը: Այսինքն՝ երկու թեկնածուների միջև ընտրությունն անելու է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ նախքան նշանակումը նախարարը պետք է ստանա Քաղաքացիական ծառայության խորհրդի եզրակացությունը և նշանակումը կատարի եռօրյա ժամկետում:









