Ծեծկռտուք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում

11:06 • 13.03.12

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցի ներկայացման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել տվյալ երկրի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների միջև:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարզուկի Դարուսմանի զեկույցի ներկայացման ժամանակ հյուսիսկորեացի պատվիրակ Թակ Սե Պենգը լքել է դահլիճը` ի նշան բողոքի: Պենգը զեկույցն անվանել է շինծու:

Դարուսմանի զեկույցում նշվել է, որ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների իրավիճակը 2011թ. վերջին երեք ամիսների ընթացքում վատթարացել է:

Նրա ու Հարավային Կորեայի ներկայացուցչի միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել դռների մոտ, սակայն հնարավոր վնասվածքների մասին չի հաղորդվում: Հարավային Կորեայի ներկայացուցիչը նույն պահին ձերբակալվել է ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցների կողմից: