Նյու Ջերսիում զուգարանի թղթի դեֆիցիտ է
Ամերիկյան տնտեսապես ամենազարգացած Նյու Ջերսի նահանգի աշխատավայրերում կարող է զուգարանի թղթի ճգնաժամ սկսվել:
Թրենթոնի քաղաքապետի հայտարարությամբ` քաղաքապետարանում զուգարանի թուղթը կբավականացնի միայն մինչև մարտի 16-ը, իսկ այլ գրասենյակներում այդ ժամկետը շատ ավելի կարճ կարող է լինել, տեղեկացնում է Bloomberg-ը:
Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը և քաղաքային խորհուրդն արդեն մի քանի ամիս է չեն կարողանում գալ համաձայնության, թե ինչքան գումար է անհրաժեշտ հատկացնել նման պարագաների համար:
Քաղաքապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ քաղաքային բյուջեում արդեն հատկացված է համապատասխան գումար (42576 դոլար)` զուգարանի թուղթ գնելու համար, սակայն խորհուրդը համառորեն չի ցանկանում ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Զուգարանի թղթի դեֆիցիտը Ամերիկայի համար նորություն չէ: Նման իրավիճակ եղել է նաև 2010 թ.-ին` Նյուարքում:









