ՀՀ–ում անտառները պետք է հաշվառվեն 5 տարին մեկ անգամ, սակայն 1993-2007-ը չեն հաշվառվել
Հեռահար զոնդավորման եղանակով 2007-ին «Ջի թի զեթ» ընկերությունը անցկացրել է ՀՀ տարածքի անտառների ուսումնասիրում և գրանցել 332.333 հա անտառածածկ տարածք: Այս թվից բացի ևս մեկ պաշտոնական տվյալ գրանցվել է 1993թ-ին՝ 334.100 հա:
Այս տվայլները այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը և նշեց, որ օրենքով անտառների ուսումնասիրություն պետք է արվի 5 տարին մի անգամ:
Հարցին, թե ինչու 1993թ-ից հետո երկրորդ պաշտոնական տվյալը գրանցվել է միայն 2007-ին, անտառապետը պատասխանեց. «Ֆինանսավորում չի եղել: Անտառների հաշվառումը քիչ գումարներ չի պահանջում: Միայն նոր ենք սկսում ներդրումներ անել այս ոլորտում: Բայց եթե վնասված գյուղտենտեսությունը մի քանի տարում կվերականգնես, ապա անտառի վերականգման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում»:
2011թ-ի ընթացքում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ուսումնասիրություններ է կատարել ՀՀ-ի 370.հազ. հա տարածքում և արձանագրել 630 հատ ապօրինի հատված ծառ, որոնցից 407-ը «Հայ անտառ» ՊՈԱԿ անտառտնտեսության մասնաճյուղերում, 151-ը՝ Դիլիջանի պարկում, 72 հատը՝ Լոռու մարզում:
Հարցին, թե արդյոք եղել են դեպքեր, երբ ծառերը հատողները պատժվել են ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը տեղեկացրեց, որ ծառահատումների բացահայտման ժամանակ կիրառվել է վարչական կամ քրեական պատասխանատվություն:
«Մեր գործառույթն ավարտվում է դեպքերի հայտնաբերմամբ: Մենք տեղեկացնում ենք դրա մասին համապատասխան մարմիններին: Մնացածը նրանց գործն է և տեղեկություն չունենք, թե քանիսն են բացահայտվել կամ ինչ տուգանքներ են կիրառվել»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:









