«Զվարթնոցը», «Արմավիան» և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը բանակցում են
Քաղավիացիայի գլխավոր վարչությունում քիչ առաջ սկսվել են «Զվարթնոց» օդակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության, Հայաստանի ազգային ավիափոխադրողի և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների միջև բանակցությունները, որոնք վերաբերում են «Արմավիայի» և «Զվարթնոցի» միջև սկսված վեճին:
Բանակացությունների մասին տեղեկատվությունը հաստատեց «Զվարթնոց» օդակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Արմավիա» ազգային փոխադրող ավիաընկերությունը հայտարարեց, որ սկսում է անժամկետ գործադուլ, որը կդադարեցնի եթե միայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իջեցնի սպասարկման սակագները մոտ 25 տոկոսով: Ինչին հետևեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի պարզաբանումը, որ ազգային փոխադրողն, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, օգտվում է հատուկ սակագներից և որ «Արմավիան» ահռելի պարտքեր ունի «Ռոսնավիգացիային», ինչի պատճառով էլ նրան արգելվել է մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Չնայած այս հայտարարությունից հետո «Արմավիան» անսպասելի դադարեցրեց հայտարարված անժամկետ գործադուլը, այնուամենայնիվ հանգուցալուծումը ժամանակավոր էր. կողմերը մնում էին իրենց տեսակետներին: Ավելին՝ «Արմավիան» խոստանում էր դադարեցված գործադուլը սկսել մեկ շաբաթից, իսկ ընկերության սեփանակատեր Միխայիլ Բաղդասարովն էլ հայտարարեց, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում կհայտարարի «Արմավիայի» սնանկության մասին:
Միխայիլ Բաղդասարովն իր վերջին հարցազրույցում բավականան կոշտ էր արտահայտվել «Զվարթնոցի» հասցեին՝ օգտագործելով «թալանչիական գներ» արտահայությունը:
Այս ողջ ընթացքում կողմեր և ՀՀ քաղավիացիոն վարչությունը ձեռնպահ էին մնում ինչպես կատարվածի, այնպես էլ վեճի հանգուցալուծումից հետո հնարավոր սցենարների մասին մեկնաբանությունից, այդ թվում և, թե ինչ կլինի, եթե կողմերը համաձայնության չգան և, «Արմավիան» հայտարարի իր սնանկության մասին: Այսինքն՝սնանկության մասին հայտարարությունից հետո կհայտարարվի մրցույթ, ինչ հիմունքներով և երբ կանցկացվի այն:
ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը Tert.am–ի հարցին ի պատասխան միայն ասաց, որ իրավական հետևանքները՝ պայմանավորված տարբեր իրավիճակներով, կարող են տարբեր լինել, և հետևաբար, այս պահին մեկնաբանություններից զերծ կմնա:









