Ինչպե՞ս են վերաբերվում արտաքին գովազդի օպերատորները վահանակները «հաշվառելու»` ԿԸՀ–ի նոր պահանջին

22:18 • 14.03.12

ՀՀ-ում արտաքին գովազդով զբաղվող գովազդային գործակալությունների և օպերատոր–ընկերությունների համար տարբերություն չկա` քաղաքական գովազդ իրենցից կպատվիրեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՞ միջոցով, թե՞ անմիջականորեն իրենց դիմելով:

Tert.am-ը զրուցել է արտաքին գովազդով զբաղվող և շուկայում գերիշխող դիրք ունեցող մի քանի ընկերությունների տնօրենների հետ:

«Զեբրա» գովազդային ընկերության տնօրեն Տոմա Հակոբյանն ասում է, որ եթե ընթացակարգը լինի այնպես, ինչպես իրենք իրենց պատվիրատուների հետ են մինչ այս աշխատել, ապա խնդիրներ դժվար թե առաջանան:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին ՀՀ ԿԸՀ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` մինչև 2012թ. մարտի 16-ը քաղաքական գովազդի նպատակով տրամադրվող և որոշակի չափանիշները բավարարող արտաքին գովազդային վահանակների մասին տեղեկատվությունն այդ վահանակները տնօրինող ընկերությունները պետք է ներկայացնեն ԿԸՀ–ին, որպեսզի վերջինս էլ հրապարակի դրանց ցանկն իրենց կայքում։ Խոսքը վերաբերում է 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակները կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու` վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությանը:

Ի դեպ, այսպիսի նախաձեռնությամբ ԿԸՀ–ն հանդես է գալիս առաջին անգամ և դրա նախադեպը չկա։
«Յունիքորն» ընկերության գլխավոր տնօրեն Գեղամ Խաչատրյանը բարձր է գնահատում ԿԸՀ-ի կողմից օրենքի պահպանումը՝ այն համարելով կազմակերպվածության առումով նախընտրական քարոզչություն իրականացնելու գործընթացը մեկ աստիճանով ավելի բարձր մակարդակի վրա դնելու փորձ:

«Բոլոր այն գովազդային ընկերությունները, որոնք պատրաստվում են քաղաքական գովազդի համար վահանակներ տրամադրել, տեղեկություն են հաղորդում ԿԸՀ-ին, վերջինս տեղադրում է իր կայքում: Կուսակցությունները դրանք ուսումնասիրում են, ընտրում են իրենց համար նպատակահարմար տեղերը, ներառում հայտի մեջ, դրանից հետո` ներկայացնում ԿԸՀ-ին: Վերջինս էլ, պահպանելով բոլոր մասնակիցների հավասար մասնակցության իրավունքի սկզբունքը (գոնե այդպես գրված է), կատարում է բաշխում, ինչից հետո էլ թեկնածուները գործակալությունների հետ կնքում են պայմանագիր»,- ասաց նա: Ի դեպ, «Յունիքորն» ընկերությունը պատկանում է «Միացյալ աշխատավորական կուսակցության» առաջնորդ Գուրգեն Արսենյանին։

«Բիգբորդ» գովազդային գործակալության արտաքին գովազդի բաժնի տնօրեն Հայկ Գևորգյանը ևս այն համոզմունքը հայտնեց, որ ԿԸՀ-ի միջամտությունը չի խոչընդոտի իրենց բնականոն աշխատանքը, քանի որ իրենց համար սկզբունքորեն միևնույնն է, թե ում կտրամադրվեն իրենց վահանակները: Մյուս երկու գովազդային գործակալությունները ևս հավաստիացրին, որ իրենք չունեն քաղաքական նախապատվություն:

Tert.am-ի այն հարցին, թե մինչ այս արդյոք իրենց դիմել էին քաղաքական ուժեր` նախընտրական գովազդի տեղադրման համար, «Զեբրա» ընկերության տնօրենը նշեց միայն «Ժառանգություն» կուսակցության անունը:

«Բիգբորդ» ընկերության արտաքին գովազդի բաժնի տնօրենը, պատասխանելով նույն հարցին, կրկին նշեց «Ժառանգության» անունը և ավելացրեց. «Այլ կուսակցություններ էլ են դիմել, ուղղակի այդ մեկն եմ հիշում, բացի կուսակցություններից` նաև անհատներ են դիմել, սակայն մենք բոլորին ուղղորդել ենք ԿԸՀ»,- ասաց նա: «Բիգբորդ»–ի գովազդային վահանակները առավելապես գտնվում են Երևանից դուրս՝ մարզերում։

Ինչ վերաբերում է քաղաքական գովազդի գներին, ապա նշենք, որ ըստ երեք ընկերությունների հավաստիացումների` այն կարժենա նույնքան, որքան գովազդվող բոլոր ապրանքների դեպքում է՝ բացառությամբ միջին և ուժեղ թնդության ալկոհոլի:

«Զեբրա» ընկերությունում գովազդ պատվիրելը 11ք/մ-ի դեպքում արժե 5000-7000 դրամ, իսկ «Յունիքորն» ընկերությունում գովազդի միջին գինը տատանվում է 11-12 հազ. դրամի սահմաններում:

«Բիգբորդ» ընկերության արտաքին գովազդի բաժնի տնօրեն Հայկ Գևորգյանը չնայած չցանկացավ որևէ գին նշել, այդուհանդերձ տեղեկացրեց, որ դրանք մարզերում համեմատաբար ավելի ցածր են:

Երեք ընկերությունների տնօրեններն էլ տեղեկացրին, որ իրենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում ազատ վահանակներ չունեն և չեն պատրաստվում դրանք ազատել քաղաքական գովազդի համար: