Իրանի պատմության մեջ առաջին անգամ նախագահը «հարցաքննվել է» խորհրդարանում
Իրանական խորհրդարանն այսօր «հարցաքննել» է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` նրան ներկայացնելով երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ինչպես նաև բյուջետային միջոցների վերաբերյալ հարցերի մի մեծ շարք:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նախագահը ժամեր շարունակ պատասխանել է պատգամավորների հարցերին, սակայն դրանցից ոչ մեկին բովանդակային պատասխան չի տվել: Հարցերի մեծ մասն Ահմադինեժադն արհամարհել է, իսկ որոշների առումով իրեն բնորոշ կերպով կատակել` դրանով առաջացնելով պատգամավորների վրդովմունքը:
«Սա կատակների փոխանակման վայր չէ: Սա խորհրդարան է: Նախագահն իրավունք չունի վիրավորել օրենսդիրներին», - վրդովվել է պատգամավոր Մոհամադ Ռեզա Հաբազոմը:
«Եթե դուք մեզ հետ խորհրդակցեիք, ապա, հնարավոր է, ավելի լավ հարցեր կազմեիք», - խորհրդարանի նիստերի դահլիճը լքելուց առաջ ասել է Իրանի նախագահը:
1979թ. ի վեր սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հաշվետվության համար նախագահը կանչվում է խորհրդարան: Գործակալությունը ենթադրում է, որ այս դեպքը կարող է դառնալ Ահմադինեժադին իմպիչմենթ հայտարարելու քայլերից մեկը:









