Յուրաքանչյուր տարածքում ունենալու ենք առանձնահատուկ մոտեցում. Արման Մուսինյան
Յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքն ունենալու է առանձնահատուկ մոտեցում, որովհետև ամեն մի ընտրատարածք ունի իր առանձնահատկությունները, այս մասին Tert.am–ին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ով ավելի վաղ կայքերից մեկին հայտնել էր, որ ՀԱԿ-ն ունի բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրվելու մասին մտադրություն:
«Մենք ամեն մի ընտրատեղամասում հաշվի ենք առնելու առանձնահատկությունները: Այսինքն՝ սահմանամերձ ընտրատարածքում մի մոտեցում է լինելու, Երևանում՝ մեկ այլ, յուրաքանչյուր մարզում՝ տարբեր»,- ասաց Արման Մուսինյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ հետագայում որոշում ընդունվի, որ առաջադրումներ լինելու են ոչ բոլոր ընտրատեղամասերում, Արման Մուսինյանը պատասխանեց. «Բոլոր 41, 39, 38 կերևա վերջում, իսկ հիմա մենք նպատակ ունենք «ծածկել» դաշտը»:
Նշենք, որ երեկ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀՀԿ–ն առաջադրվելու է 33 ընտրատարածքներում:
Հարցին, թե արդյոք զուգադիպություն են, ՀՀԿ–ի երեկվա և ՀԱԿ–ի այսօրվա հայտարարությունները, Արման Մուսինյանը պատասխանեց՝ ասելով, որ այդ մասին ՀԱԿ-ը հայտարարել էր դեռ մեկ ամիս առաջ:
Ավելի վաղ ՀԱԿ–ի հայտարարել էին, որ թեկնածուներ առաջադրելու հարցում դաշինքը հապաղում է ֆինանսական խնդիրների պատճառներով:
Ըստ Արման Մուսինյանի՝ ընտրագրավի հետ կապված ֆինանսական խնդիրները հոգալու են մեծամասնական թեկնածուներն իրենք:









