Զբոսայգում քաղաքացուն ծեծի ենթարկած և նրան կողոպտած հանցագործը բերման է ենթարկվել
Մարտի 13-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Մարտին Վ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչությունից։
Պարզվել է, որ նա իր ընկերներ՝ ոմն Արմենի և Նիկայի հետ մարտի 7-ի գիշերը Մովսես Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող զբոսայգում ծեծի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ, այնուհետև հափշտակելով վերջինիս կաշվե բաճկոնը, բջջային հեռախոսը, անձնագիրը և բանկային քարտը` դիմել են փախուստի:
Մարտին Վ.-ի մոտ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի և Նիկայի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:









