Ասադի հակառակորդներին բանտերում կտտանքների են ենթարկում. Amnesty
Սիրիայի կառավարական ուժերի կողմից ձերբակալված ընդդիմադիրները պարբերաբար կտտանքների են ենթարկվում, ասվում է Amnesty International կազմակերպության իրավապաշտպանների պատրաստած «Ես ցանկանում էի մեռնել» խորագրով զեկույցում:
BBC-ի ռուսական ծառայության համաձայն` իրավապաշտպանները, մինչ զեկույցի հրապարակումը, հանդիպումներ են ունեցել Հորդանան գաղթած սիրիացիների հետ: Նրանք պատմել են, որ իրենց հետ վատ են վարվել, նրանցից ոմանք էլ նշել են, որ կտտանքների են ենթարկվել բանտերում:
Ըստ կազմակերպության` որոշ բանտերում նրանց կախաղան են բարձրացրել և բռունցքներով, փայտերով և այլ իրերով հարվածներ հասցրել: Սիրիա օտարերկրյա լրագրողների մուտքը խիստ սահմանափակ է, այդ իսկ պատճառով այս տվյալներն իրավապաշտպաններին այլ աղբյուրներից ստուգել չի հաջողվել:
«Ականատեսների վկայությունները խոսում են այն մասին, որ պատժի գոյություն ունեցող համակարգն ուղղված է մարդկանց ստորացմանը, խայտառակմանն ու նրանց լռել ստիպելուն»,- ասել է Amnesty International-ի` Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բաժնի աշխատակից Ան Հարիսոնը:
Զեկույցում նշվում է, որ ձերբակալվածների նկատմամբ կիրառվել են արտասովոր մեթոդներ. այսպես կոչված «դուլաբ», որի ժամանակ կալանավորներին հագցնում են անվադող և ծեծում, ինչպես նաև նախապես ջրված կալանավորին հոսանքահարում:
Իրավապաշտպանները Սիրիայի իշխանություններից պահանջել են դադարեցնել այն մարդկանց ձերբակալությունները, ովքեր խաղաղ կերպով իրենց բողոքն են հայտնում, ինչպես նաև ձերբակալվածների նկատմամբ նման մեթոդների կիրառումը:
ՄԱԿ-ը մտադիր է առաջիկա օրերին Սիրիայի հարևան երկրներ ողարկել իր ներկայացուցիչներին: Ենթադրվում է, որ ՄԱԿ-ի դիտորդները կզբաղվեն փաստերի հավաքագրմամբ, որը լույս կսփռի այն ամենի վրա, թե ինչ է կատարվում երկրում:
Սիրիայում կառավարական զորքի ու Ասադի ռեժիմի հակառակորդների միջև մեկ տարի շարունակվող արյունալի բախումների հետևանքով, ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալի համաձայն, զոհվել է 8.000 մարդ:









