«Երկրում աճ չկա». Հրանտ Բագրատյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

17:40 • 14.03.12

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի հնչեցված ելույթին, պնդելով, որ նախագահին թյուրիմացության մեջ են գցել:

Բագրատյանը նշեց, որ չնայած ոչ ոք անսխալական չէ, սակայն ամբողջ ելույթում, ըստ նրա, երկու կարևոր պահ կա: «Առաջինը, նախագահը կարծում է, որ երկրում աճ կա, իրականում երկրում աճ չկա և հետո 100 անգամ ասում ենք, «սիրելիներս, տարբերե՛ք հարաբերական և բացարձակ բյուջեները»: Մարդկանց բացատրում ենք ոչ թե 4 մլրդ-ով Ֆինանսների նախարարը չի կատարել բյուջեն, այլ 27 մլրդ-ով, որովհետև սղաճը առավելագույն 5.5%-ի տեղը եղել է 7.7%»,- ասաց տնտեսագետը:

Հրանտ Բագրատյանն այնուհետև մանրամասնեց. «Բյուջեն մարդու աշխատավարձն է։Եթե եթե մարդու աշխատավարձը 100 դոլար է և դարձել է 150 դոլար, իսկ գները բարձրացել է 60 դոլարով, հիմա ձեր աշխատավարձը պակասե՞լ է, թե՞ ավելացել: Բա էսքան բանը նախագահը չիմանա»:

Նախկին վարչապետն այս վերլուծությունները համարում է պարզ հաշվարկ, սակայն ոչ հասարակ ՀՀ ֆինանսների նախարարի համար: «Ես այսքան նշում, ասում եմ, բայց Ֆինանսների նախարարը չի հասկանում»,- ասաց նա:
Խոսելով բյուջեի ներկայացված աճի մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ պատրաստ է գրատախտակով բացատրել, նախ այն համեմատելով Ադրբեջանի տվյալների հետ:

«Ադրբեջանի բյուջեն կազմում է 18 մլդ դոլար, իսկ Հայաստանինը՝ 2,5 է: Կարող են ասել, Բագրատյան, քո թողած բյուջեն 1996-ին 350 մլն էր, 93-ին էլ 8մլն, 3 տարում 8-ը դարձավ 350, բայց 96-ին Ադրբեջանի բյուջեն 700 էր ընդամենը, երկու անգամ էր ավել»,– ասաց նա։

«Վրաստանինը մեզնից պակաս էր, ոչ թե այսօրվա՝ 4,5 անգամ ավել: Մեր երկիրը վերանում է, մի հատ պատերազմ ու վերջ»,- ասաց նա և հստակեցրեց, որ Ադրբեջանի նավթին զուգընթաց Հայաստանը մոլիբդեն ունի: «Բա մեր մոլիբդենը հաշվի չեք առնում, և հետո Ադրբեջանի նավթը բյուջե չի մտնում, դա էլ պետք է հաշվի առնել: Բացի այդ 38 մլրդ ստաբիլիզացնող փող ունի, որը Ադրբեջանը նավթի հաշվին է անում: Եթե մենք մեր տրանսֆերները ստաբիլիզացնեինք, կունենայինք 9 մլրդ դոլար փող»,- նշեց նա:

ՀՀ նախկին վարչապետն անդրադարձավ նաև տնտեսական ճգնաժամին առնչվող պատ–առաբանություններին և խորհուրդ տվեց Հայաստանում տնտեսական ճգնաժամը համեմատել համաշխարհային տնտեսական աճի հետ. «Այ ընկեր, դա ընդամենը մի տարինա»: Ըստ նրա, այսօր պետք է տարեկան 7,4% ՀՆԱ-ի մաքուր աճ, որի դեպքում է միայն հնարավոր, որ «տակը փող մնա ժողովրդի համար»: «Մեր մոլիբդենից 2 մլրդ դոլարի շրջանառություն կա, նավթ չի, բայց նավթի 30%-ի չափով կա: 2մլրդ-ից 1,7%-ն է միայն մտնում բյուջե»,- ասաց նա:

Բագրատյանը համոզված է, որ Հայաստանում մարդկանց արտահոսք չկա, այլ մարդկանց արտահանում են և դա անում են մտածված կերպով: Տնտեսագետը նկատում է, որ այս ամենն իշխանությունները և՛ չեն հասկանում, և՛ չեն ուզում անել, քանի որ նրանց ձեռք չի տալիս, ունենալ «տնտեսապես անկախ քաղաքացի, որը չի գնա ընտրակաշառքների»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վերլուծելով վերջինիս ՀՀԿ համագումարի արտասանած ծրագրային ելույթը:

Իր ծավալուն ելույթում նախագահը, մասնավորաբար, ասել էր. «Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրև անվանական (ինչպես դա հաճախ արել ես), մի անգամ էլ դրանից հանիր գնաճի մեծությունը և դու, տնտեսագիտական քո «հանճարեղ» գիտելիքներով, պատրաստի հավակնորդն ես անկումային հռետորության խոսնակի դափնիների»։

Դրան ի պատասխան ՀՀ նախկին վարչապետը խիստ քննադատության ենթարկելով նախագահի ելույթը, փաստել էր, որ այդ ելույթում նշված տնտեսական զարգացման ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը: Բագրատյանը, ելույթին անդրադառնալով կետ առ կետ, մասնավորապես ասել էր. «Միթե՞ այդպես են վերլուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը։ Միթե՞ կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման «նյութ մատուցել»։