Քեմերոնն ու Օբաման բասկետբոլ են դիտել. սկսվել է բրիտանացի վարչապետի այցն ԱՄՆ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը եռօրյա այցով Միացյալ Նահանգներում է: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են պատվո պահակախումբն ու զինվորական նվագախումբը:
Այնուհետև Քեմերոնն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միասին ուղևորվել են Օհայո նահանգ` բասկետբոլի ուսանողական խաղ դիտելու:
Այդ ընթացքում Քեմերոնի տիկին Սամանթան ու ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում հանդիպում են ունեցել մինի-օլիմպիադայի փոքրիկ մասնակիցների հետ:
Սպասվում է, որ Քեմերոնն ու Օբաման, այլ հարցերից զատ, կքննարկեն Աֆղանստանի թեման, որտեղ մեկ շաբաթ առաջ ամերիկացի զինծառայողը սպանել էր 16 խաղաղ բնակչի: Օրակարգում են նաև Իրանին ու Սիրիայում շարունակվող բռնություններին առնվող հարցերը:
Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի և «Մեծ ութնյակի» գագաթնաժողովների շեմին:









