Շվեյցարական ողբերգության վերաբերյալ վարկած են հայտնել (լուսանկարներ)
Շվեյցարիայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարկած են առաջ քաշել, ըստ որի, դպրոցականներով լի ավտոբուսը Բելգիայից Շվեյցարիա ուղևորվելիս վթարի է ենթարկվել արագությունը գերազանցելու պատճառով։
Ըստ ռուսական «Վզգլյադ» թերթի՝ սա առաջին և առայժմ միակ վարկածն է, որի ուղղությամբ աշխատում են քննիչները:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել այսօր առավոտյան՝ Շվեյցարիայի հարավ-արևմուտքում, երբ ավտոբուսը բախվել էր թունելի պատին։ Վթարի հետևանքով ավտոբուսի 52 ուղևորներից զոհվել էին 28-ը, որի 22-ը՝ երեխաներ։
Այն, որ զոհվել է ուղևորների կեսից ավելին, ավտոբուսի վնասվածքների գնահատականով հանդերձ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին թույլ է տվել ենթադրել, որ ողջ մնալու հնարավորություն են ունեցել միայն մեքենայի հետևի մասում տեղավորված ուղևորները:
Բանն այն է, որ ավտոբուսի վարորդի խցիկն ու առջևի անիվները բախումից հետ են մղվել` մտել սրահ: Մինչև ավտոբուսի կենտրոնական դուռն ընկած հատվածը լիովին ջախջախված է:
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուլոն հայտարարել էր, որ սա ողբերգական օր է ամբողջ պետության համար:
Հաղորդվում է, որ ավտոբուսը նոր է եղել և սարքին։

















