Ես հո երեկվա երեխան չեմ, շատ լավ հասկանում եմ, որ դժվար հաջողություն գրանցեի. Խոսրով Հարությունյան

13:59 • 14.03.12

«Քրիստոնեա–դեմոկրատական միություն» կուսակցությունը ինքնուրույն չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ինչպես համագործակցել, այնպես էլ համագործակցելու է ՀՀԿ-ի հետ և խորհրդարանական ընտրություններում սատարելու է հենց ՀՀԿ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց «Քրիստոնե-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին նա նշեց. «Այս պահին քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր կա այն հրապարակելու համար: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում իմ ընգրկվելու հարցը դեռևս քննարկման փուլում է»,-ասաց նա:
Նա այն վստահությունը հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին անակնկալներ դժվար գրանցվեն:
«Այսօր բոլորն էլ հասկանում են, թե ովքեր են առաջատարները, և որ կուսակցությունը որքան հնարավորություն ունի հայտնվելու խորհրդարանում»,- ասաց նա:

Այն հարցին, թե ինչու «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը ընտրություններին չգնաց միայնակ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց անկեղծ:

«Ես հո երեկվա երեխան չեմ, շատ լավ հասկանում եմ, որ դժվար հաջողություն գրանցեի, որովհետև դրա համար պետք է ոչ թե մի քանի ամսվա այլ տևական աշխատանք»,-ասաց նա և ավելացրեց, որ պատճառներից մեկը նաև մասնակցության համար անհրաժեշտ գումարն է:

Խոսրով Հարությունյանը իր խոսքում կոչ արեց բոլոր ընտրողներին՝ մասնակցել ընտրություններին և ձայնը տալ այն կուսակցությանն ու անհատին, որին նախապատվություն են տալիս: