«Ջազզվե»–ն իր դիրքորոշումը կհայտնի փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո
«Ջազզվե» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ երեկ «Բարբրի Լիմիթեդ» ընկերության տարածած հաղորդագրության կապակցությամբ իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո:
««Ջազզվե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին և իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարի համբավ ու սիրվել մեր շատ համաքաղաքացիների կողմից: «Ջազզվե» ընկերությունը «Ջազզվե» ապրանքային նշանի ներքո գործող սրճարաններում մատուցվող ծառայությունների, ճիշտ քաղաքականության, ինչպես նաև իր երկարատև գործունեության ընթացքում մտավոր սեփականության ինստիտուտի հանդեպ ցուցաբերած հարգանքի շնորհիվ ներկայումս հանդիսանում է Հայաստանում ամենամեծ սրճարանային ցանցը, որն ընդգրկում է թվով իննը սրճարան:
Անդրադառնալով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` կապված «Ջազզվե» ընկերության կողմից «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու հետ, հարկ ենք համարում նշել, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը 25.11.2011 թվականին «Ջազզվե» ՍՊ Ընկերությանն ուղարկված նամակով խնդրել է դադարեցնել «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:
Խոսքը վերաբերում է դեռևս 2003 թվականին բացված`Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին «Ջազզվե» սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը նմանեցրել է իր ապրանքային նշանին:
«Ջազզվե» ընկերությունը 24.02.2012 թվականին ստացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2012թ. որոշումը` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունն ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Ներկայումս հայցադիմումը ուսումնասիրվում է «Ջազզվե» ընկերության շահերը ներկայացնող «Լեքս Փարթներս» իրավաբանական գրասենյակի կողմից:
Հաշվի առնելով այն, որ հայցի առարկա հանդիսացող ապրանքային նշանը դեռևս 2003 թվականից օգտագործվում է բոլորովին այլ` ընկերության գործունեության հետ որևէ կերպ չառնչվող ծառայությունների շրջանակում, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ներկայումս կատարվում է խնդրո առարկա ապրանքային նշանի պատկանելիությունը որոշելու վերաբերյալ փորձաքննություն, «Ջազզվե» ընկերությունը իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո»,– նշված է «Ջազզվե»–ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ «Բարբրի լիմիթեդ» ընկերությունը Հայաստանում ներկայացնող «Լեգալատա» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ Մեծ Բրիտանիայում գրանցված և գործող աշխարհահռչակ ապրանքային նշանների իրավատեր «Բարբրի լիմիթեդ» ընկերությունը իր ապրանքային նշանների պաշտպանության խնդիր է տեսնում Հայաստանի Հանրապետությունում:
Մասնավորապես, ընկերությունը դժգոհել էր, որ «Բարբրի լիմիթեդ» ընկերությանը պատկանող և Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից 07.02.2011-ին 16548 համարի տակ գրանցված պատկերային նշանը՝ առանց իրավատիրոջ թույլտվության, օգտագործվում է «Զազզվե» ՍՊԸ-ին պատկանող սրճարաններում և սննդի օբյեկտներում:
«լեգալատա» ընկերությունը տեղեկացնում էր նաև, որ «Բարբրի լիմիթեդ» ընկերությունը 25 նոյեմբերի 2011թ. նամակով դիմել է «Զազզվե» ՍՊԸ-ին` խնդրելով դադարեցնել իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ դա «Զազզվե»–ն անում է առանց իր համաձայնության: «Զազզվե» ՍՊԸ-ն, ժամանակ ձգձգելով բանակցությունների համար, 02.12.2011թ. դիմել է Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն՝ «Բարբրի լիմիթեդ»-ին պատկանող ապրանքային նշանը նույնությամբ այլ դասերի տակ գրանցելու համար, ինչը նպատակ է հետապնդել հետագայում խոչընդոտել «Բարբրի լիմիթեդ» ընկերության կողմից իր ապրանքային նշանի պաշտպանությանը:
Այժմ «Բարբրի լիմիթեդ»-ը ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը արգելելու պահանջով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հայցը 17.02. 2012թ. ընդունվել է և գտնվում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում»,– մասնավորապես, նշված էր հաղորդագրությունում:









