Հայաստանում բնակվող 880 հազար երիտասարդների կեսը գործազուրկ է

14:53 • 14.03.12

Հայաստանում բնակվող երիտասարդների կեսը չի կարողանում գտնել աշխատանք: Այսօր այս մասին «Անցում դպրոցից աշխատանք» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով Հայաստանում ապրում են 880 հազար երիտասարդներ` 14-30 տարեկան և նրանց 50 տոկոսը աշխատանքի որոնումների մեջ է, մի մասն էլ իր մասնագիտությամբ չի աշխատում:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ երիտասարդների զբաղվածության խնդիրը վերաբերում է մեր վաղվա օրվան: Ըստ նրա՝ այս ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնցից մեկը կրթական ինստիտուտի և աշխատանքային շուկայի թույլ կապն է: «Այսօր կարևորագույն հարց է երիտասարդների աշխատանքի խնդիրը: Ունենք կրթական ինստիտուտի և աշխատանքային շուկայի թույլ կապ և գործազրկության բարձր աճ, իսկ գործազուրկների 20 տոկոսը երիտասարդներն են»,– հայտնեց նա:

Արա Պետրոսյանը տեղակացրեց, որ այժմ կառավարությունում նոր հայցեկարգ է մշակվում, որի նպատակը այն է, որ կարողանան այսուհետ այնպես անել, որ երիտասարդները մասնագիտություն ընտրելիս, ոչ թե առաջանորդվեն ընտանիքի անդամների խորհուրդներով կամ ֆինանասական ապահովվածությամբ, այլ ընտրեն իրենց ունակություններին և նախասիրություններին համապատասխան մասնագիտություն, որի արդյունքում կլինի մասնագիտության գիտակցված ընտրություն: «Այս ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում, բայց դեռ կան շատ ու շատ չլուծված խնդիրներ, որոնց մի մասը տեսնում ենք, մի մասը չենք տեսնում: Այս հանդիպումները կարևոր են այս առումով, որպեսզի քննարկումների արդյունքում հասկանանք բոլոր խնդիրները»:

Արա Պետրոսյանը խոսելով կազմակերպված քննարկման թեմայի մասին` նշեց, որ պետք չէ այն հասկանալ բառացի, քանի որ դպրոցն այս դեպքում մեզ հայտնի դպրոցը չէ, այլ դա կրթական ինստիտուտն է և ընդհանրապես կրթութույնը է, որը տանում է դեպի աշխատաշուկա: Որպես կարևորագույն խնդիր՝ Արա Պետրոսյանը մատնանշեց նաև սոցիալական գործընկերության ինստիտուտի զարգացումը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Բորիս Խառատյանը իր ելույթում նախ ասաց, որ շատ է կարևորում քննարկվող թեման, քանի որ, ինչպես նա նշեց, առանց երիտասարդների աշխատաշուկայի ձևավորումը կարող է անարդյունավետ լինել, ապա հույս հայտնեց, որ այսօր կփորձեն գտնել այս հարցի լուծումները:

Խոսքով հանդես եկավ նաև ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի ներկյացուցիչ Օլգա Կուլաևան, ով նշեց, որ «Ամբողջ աշխարհում կա գործազրկության ճգնաժամ և աշխարհի բնակչության 75 մլն երիտասարդները չունեն աշխատանք: «Նրանց մեծ մասը լավ աշխատանքի որոնումների մեջ է: Աշխարհում 152 մլն աշխատողները երիտասարդներն են, որոնք աղքատ են ապրում: Նրանց մեծ մասը ստիպված է համաձայնել ցածր վարձատրվող աշխատանքին»,-ասաց Օլգա Կուլաևան: