ԱԺ ընտրությունների առանձնահատկությունը 3 հակակշիռ ուժերի մասնակցությունն է. Կարեն Քոչարյան

19:41 • 14.03.12

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ գալիք խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանց մասնակցում են երեք հակակշռող ուժեր, հանձինս երեք նախագահների՝ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի ներգրավածությամբ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝«Բարգավաճ Հայաստան կուսակցության մասնակցությամբ, և Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առաջիկա ընտրությունների մեջ առանձնահատկությունն այն է, որ այս ընտրություններին ներգրավված են երեք իրար հակակշռող ուժեր հանձինս երեք նախագահների: Եթե գնահատենք ուժերը կարող ենք ասել, որ առաջին հորիզոնականում կհայտնվի ՀՀԿ-ն, երկրորդում ԲՀԿ-ն, իսկ երրորդ հորիզոնականում ՀԱԿ-ը»,– ասաց նա:

«Օրինաց երկիր կուսակցությունը ոչ մի շանս չունի հայտնվելու հաջորդ խորհրդարանում, չնայած անելու են ամեն ինչ, որ ՕԵԿ-ի համար ինչքան հանրավոր է ձայներ գնեն: Ես ասում եմ, դա լինելու է բիզնես պռոեկտի նման մի բան»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին, թե ինչ կուսակցություններ կնդգրկվեն 3-րդ հորիզոնականից այն կողմ, Կարեն Քոչարյանն ասաց, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միանշանակ ունի իր ձայները և նա միշտ էլ կկարողանա հավաքել այնքան ձայներ, որ ներկայացված լինի խորհրդարանում:

«Ճիշտ է ես չեմ կիսում ՀՅԴ գաղափարները, բայց պետք է արձանագրենք, որ ՀՅԴ-ն մեր քաղաքական դաշտում այն իմունիտետն է, որին կորցնել պետք չի: ՀՅԴ-ն ունի իր ձայներն ու նրանց էլ պետք է փիառ տեխնոլոգիաներ, որ ավելին ունենան, քան ունեն»,– ասաց նա:

Կարեն Քոչարյանը նշեց նաև, որ եթե «Ժառանգություն» և Ազատ դեմոկրատներ հնարավոր դաշինքը կայանա, ապա նրանք շատ լուրջ հայտ կներկայացնեն, իսկ եթե ոչ, ապա երկուսի համար էլ կլինի շատ դժվար: