Խաչատուր Սուքիասյանը պարզաբանում է՝ ինչու էր հրաժարվել մանդատից և ինչու է կրկին ցանկանում այն
«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հստակեցրեց, թե ինչու էր ժամանակին հրաժարվել պատգամավորական մանդատից և ինչու է այսօր կրկին ուզում մտնել ԱԺ:
«Այն ժամանակ մթնոլորտն այնպիսին չէր, որ կարողանային աշխատել։ Այսօր գտնում եմ, որ պետք է շարունակել տնտեսական քաղաքականությունը և նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան դեպքերից հետո նա հայտարարել էր, որ հաշվարկել է, թե ոչինչ միայնակ անել չի կարող ԱԺ-ում, և այսօր արդեն Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի հետ կազմելով մի թիմ՝ որպես հակակշիռ, արդեն կարող են միասնական ուժերով երկիրը մրցունակ դարձնել :
Խաչատուր Սուքիասյանը հստակեցերց, որ լինելով անկուսակցական` միևնույն ժամանակ ՀԱԿ անդամ է` որպես դաշինքին հարող անհատ քաղաքացի: Սուքիասյանը դեմ չէ ԱԺ մտած մյուս քաղաքական ուժերի հետ նույնպես համագործակցելուն. «Ես ինքս ՀԱԿ-ի հետ եմ և կարծում եմ բոլոր քաղաքական ուժերի հետ կունենամ բարիդրացիական հարաբերություններ: Տասը տարի եղել եմ ԱԺ-ում և այնտեղ էլ ունեմ շատ լավ ընկերներ»,- ասաց նա:
Նախկին պատգամավորը նաև ասաց, որ ՀԱԿ-ին ոչ նախորդ և ոչ էլ այս ընտրություններին ֆինանսապես չի աջակցել և չի աջակցի, սակայն որպես տնտեսական քաղաքական գործիչ` իր ունեցած ներուժով կօգնի:
«Իմ դուրը չի գալիս, որ ինձ ընկալում են որպես ֆինանասական աջակցի, ես հերքում եմ, որ նախորդում (նախագահական ընտրություններում – Tert.am) ֆինանսապես աջակցել եմ ՀԱԿ-ին, ես եղել եմ այն ժամանակ ընդամենը շարժման անդամ»,- վստահեցրեց նա՝ ավելացնելով, որ ինչպես նախկինում, այսօր նույնպես ՀԱԿ-ի աշխատանքն իրեն գոհացնում է:









