Խոսրով Հարությունյանը ցանկանում է ՀԱԿ-ին տեսնել առաջիկա խորհրդարանում, չնայած կասկածում է, որ այդպես կլինի

13:12 • 14.03.12

Ընդդեմ ինչ-որ մի բանի կարելի է համախմբվել, բայց հանուն ինչ-որ մի բանի դժվար է: Նման կարծիք հայտնեց «Քրիստոնե-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ին:

«Տարիներ առաջ շատ արագ միավորվեցին առաջին նախագահի դեմ, բայց այսօր, երբ եկել է հանուն խորհրդարանի համախմբվելու ժամանակը, ՀԱԿ-ում խնդիրներ կան: Պետք է նշեմ, որ նման խնդիրներ կուսացությունների միջև միշտ էլ առաջացել է ընտրություններից առաջ՝ կապված ցուցակների հետ»,-ասաց նա:

Նա իր խոսքում նշեց, որ մի ժամանակ ՀԱԿ-ը ֆավորիտ ուժ էր և ինքը իրականում ցանկանում է Կոնգրեսին տեսնել առաջիկա խորհրդարանում:

«Խորհրդարանում կլինի թե ոչ, դժվար է ասել, քանի որ վերջին հանրահավաքի թվաքանակը կասկած է առաջացնում: Պետք է նշեմ, որ «Ժառանգության» կշիռն է օր օրի ավելանում, նրանք ակնհայտորեն շահում են հանրության համակրանքը»,-ասաց նա և ավելացրեց ՀԱԿ-ի լոզունգների նման ծայրահեղ քաղաքական լոզունգները նրան ակնհայտորեն ոչ մի տեղ չէր տանում: