Ռուբեն, Լևոն, Հովսեփ. Մոսկվայում կայացել է «Օրբելիի գաղտնագիրը» ֆիլմի շնորհանդեսը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել հանրահայտ Օրբելի եղբայրների մասին ֆիլմի շնորհանդեսը: Ռեժիսոր Աշոտ Ջազոյանի ֆիլմի հիմքում ընկած է Օրբելի իշխանական տոհմի երեք ներկայացուցիչների ճակատագիրը: «Նովիե իզվեստիա» թերթը եղբայրներին նվիրված հոդվածում գրել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ռուսական մշակույթում, բացի այդ, ֆիլմի հեղինակների խոսքով, ռուս-հայկական հարաբերությունների զարգացման լավագույն օրինակ, քան Օրբելի եղբայրները, հնարավոր չէր գտնել:
«Օրբելիի գաղտնագիրը» ֆիլմի առաջնային ցուցադրությունը նվիրված է կրտսեր Օրբելիի 125-ամյակին: Ստալինյան և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Էրմիտաժը ղեկավարած Հովսեփ Օրբելին իր համարձակության ու անդրդվելիության շնորհիվ կարողացել է փրկել համաշխարհային նշանակության գլուխգործոցներ:
«Ինչպիսի առնականությամբ պետք է օժտված լինել ստուգիչ հանձնաժողովի անդամներին թանգարանից որոշ ցուցանմուշների դուրսբերման հարցում մերժելու համար: Միայն իմ դիակի վրայով: Կարող եք ինձ սպանել այստեղ, սակայն քանի դեռ ես կենդանի եմ, դուք ոչինչ այստեղից դուրս բերել չեք կարող»,- թերթը մեջբերել է կրտսեր Օրբելիի խոսքերը:
Նման սկզբունքայնությամբ են օժտված եղել բոլոր երեք եղբայրներն էլ: Նրանցից և ոչ մեկը մինչև իր կյանքի վերջ ետ չկանգնեց իր բարոյական համոզմունքներից և չդարձավ կուսակցության անդամ: Սակայն «դուրս պրծնել» ամենագլխավոր բռնակալի ձեռքից նրանց չհաջողվեց. էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի թեորեմի հեղինակ, Պավլովի սիրելի աշակերտ, ակադեմիկոս և Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Լևոն Օրբելին հեռացվեց զբաղեցրած բոլոր պաշտոններից: Պատճառը` Ստալինի կողմից բռնաճնշումների ենթարկվող գենետիկների օգտին հանդես գալն էր: Ավելի ուշ Էրմիտաժի տնօրենի պաշտոնից հեռացվեց նաև Հովսեփ Օրբելին:
Ավագ եղբայր, հիդրոհնագետ Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 լեզուների: Բոլոր երեք եղբայրներն էլ` ընտրելով գիտական ուղին, կատարել են իրենց հոր կամքը, ով գտնում էր, որ հայերն ունեն շատ հրամանատարներ, սակայն չունեն գիտնականներ: Հենց ընդհանուր հիշողությունը, մշակույթն ու գիտությունն են համարվում ֆիլմում այն գաղտնագիրը, որն ունակ է միավորել երկու երկրներին:
Ֆիլմի ռեժիսոր Աշոտ Ջազոյանը թերթին պատմել է, թե որքանով էր անհրաժեշտ ֆիլմի ստեղծումը.
«Մեզ այժմ պետք են ոչ թե մեսիջներ, այլ ուղերձներ: Այս մարդիկ , այս եղբայրներն ուղերձներ են: Սա միայն հայկական կղզի չէ, այլ ռուս-հայկական կղզի , որտեղ շատ ճշմարտություն կա: Կղզի, որտեղ շատ է հայրենիքին ծառայելը և որտեղ այս տաղանդավոր մարդկանցից և ոչ մեկը չի դավաճանել իր ուսուցչին ու աշակերտին: Այդ իսկ պատճառով եկել է ժամանակը մեզ բոլորիս` և Հայաստանում, և Ռուսաստանում, և այլ երկրներում, հիշեցնել, որ եղել են այսպիսի հիանալի մարդիկ, որոնք հարգել են յուրաքանչյուր ազգի մշակույթը: Հենց սրանում է նրանց գաղտնագիրը»:










