Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը մերժել է պատգամավոր առաջադրվելու առաջարկը

18:54 • 14.03.12

Դերասանահուի Լուիզա Ղամբարյանը ևս ստացել է կուսակցություններից մեկին անդամակցելու և համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ, սակայն չի ընդունել այն:

«Դա պրակտիկորեն բացառվում է, որովհետև ես սկզբունքորեն հարմար չեմ գտնում, քանի որ շատ զբաղված, ստեղծագործող անհատ եմ, որն ավելի շատ բան ունի անելու արվեստում, քան մի միջավայրում, տեղում, որտեղ ինքը գրեթե տկար է»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց դերասանուհին՝ չցանկանալով մանրամասնել, թե որ կուսակցությունից է եղել առաջարկը:

Հիշեցնենք, որ երեկ երգչուհի Շուշան Պետրոսյանը Tert.am–ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և ցանկություն էր հայտնել, որ խորհրդարանում ներկայացնի ՀՀԿ-ն:
Հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն էլ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարում չէր բացառել, որ ապագայում մի օր միգուցե իր մեջ էլ քաղաքականություն մտնելու ցանկություն հասունանա:

Լուիզա Ղամբարյանը ևս այս միտումը նկատել է, բայց դժվարանում է ասել՝ սա «նոու հաու՞» է», ինչ-որ նոր մոդա, թե պարզ կրկնօրինակում Ռուսաստանից:

«Դեռ խուսափում եմ որևէ մեկնաբանություն տալուց, քանի որ նոր երևույթ է արվեստի մշակույթի մարդկանց մուտքը քաղաքականություն, այս կամ այն կուսակցություն, չգիտեմ… դեռ խուսափում եմ»:

Հարցին, թե ինչու մեր արվեստագետները և հատկապես շոու բիզնեսի մարդիկ, ի տարբերություն իրենց ռուս գործընկերների, հարցի միայն մեկ կողմն են տեսնում՝ հարելով միայն իշխող կուսակցություններին ( ժամանակին էլ երգում էին նրանց համար), իսկ օրինակ՝ Քսենյա Սոբչակը երգում է Պուտինի դեմ, դերասանուհին ասաց. «Եթե խոսքը Քսենյա Սոբչակի մասին, ապա ... արտառոց երևույթ չի, որ նա այս կամ այն կուսակցությանն է հարում: Սա շատ տիպիկ է»:

Լուիզա Ղամբարյանը չգիտի, թե արդյոք մեզ համար էլ տիպիկ է արդյոք, որ մեր աստղերը երբեք չեն կանգնում ընդդիմության կողքին և մտնում են իշխող կուսակցության ցուցակ և, հիմնականում, չեն ունենում քաղաքացիական դիրքորոշում սուր հարցերի վերաբերյալ: Իսկ չգիտի ոչ թե որովհետև չունի պատասխան, այլ որովհետև այս երևույթը դեռ չի հասցրել մարսել:

Հիշեցնենք, որ Լուիզա Ղամբարյանը ևս մի քանի արվեստագետների թվում մասնակցել է Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին: Հարցին, թե արդյոք դա կատարվում էր վճարովի հիմունքներով, դերասանահուհին պատասխանեց, որ ոչ:
Ինչ վերաբերում է Tert.am–ի դիտարկմանը, թե ինչու է դերասանուհին կարծում, որ արվեստագետը քաղաքականության մեջ գրեթե տկար է, քանի որ երբեք ուշ չի սովորելը, Լուիզա Ղամբարյանն ասաց. «Այն, ինչին տիրապետում եմ ավելի է պետք թե՛ ինձ, թե՛ շրջապատող մարդկանց, քան սովորեմ մի բան, որի պետքը ես չունեմ»: