Մաթեմատիկայի թեստերը բարդացված են, որ դիմորդները չկարողանան հաղթահարել այն և ընդունվելու համար դիմեն այլ միջոցների

15:25 • 14.03.12

«Մաթեմատիկայի շտեմարանների թեստերը ստուգում են ձևի տեսակետից պարզագույն գիտելիքներ, բայց իրականում դրանք բարդագույն խնդիրներն են: Դա հեռու է իրականությունից, դա արված է նրա համար, որ երեխաները չկարողանան հաղթահարել շեմը և ընդունվելու համար դիմեն այլ միջոցների»,- այսօր այս մասին հայտարարեց «Մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր, դասագրքերի հեղինակ Համլետ Միքայելյանը՝ Մաթեմատիկոսների օրվա առթիվ կազմակերպված ասուլիսի ժամանակ` համաձայնելով, որ այս հարցում գոյություն ունեցող դժգոհությունները իրոք տեղին են:

Ասուլիսի մյուս բանախոսը` Կրթության ազգային ինստիտուտի բնագիտա- մաթեմատիկական առարկաների բաժնի վարիչ, դասագրքերի հեղինակ Սարիբեկ Հակոբյանը, սակայն, նշեց, որ մաթեմատիկայի ոլորտում, ի տարբերություն ամբողջ կրթական համակարգի կան ձեռքբերումներ, ինչի մասին են փաստում միջազգային ստուգատեսները:

Իսկ այն, որ ծնողները և ուսուցիչները դժգոհ են դասագրքերի բարդացումներից, իսկ մյուս կողմը` մաթեմատիկոսները՝ ընդհակառակը, դրանում որևէ խնդիր չեն տեսնում, Հակոբյանը նորմալ է համարում:

«Այդ հակասությունը չի լուծվի և բարեբախտաբար, որ չի լուծվի, քանի որ դա կրթության զարգացման մասին է խոսում»,- ասաց նա:

Իսկ Համլետ Միքայելյանը նկատեց, որ այս հարցում մի փոքր թյուրիմացություն կա, և այն տեսակետը, թե դպրոցական դասագրքերը կարծես բուհի համար գրված լինեն, այդպես չէ: Նրա խոսքով, դասագրքի ամբողջ նյութից միայն պարտադիր մասն է պետք, որ աշակերտները յուրացնեն, այնինչ ուսուցիչների համար դասագիրքը նորմատիվ բնույթ ունի, և նրանց թվում է, որ ամբողջ նյութը պետք է աշակերտները սովորեն:

Դժգոհելով ընդհանուր կրթական համակարգից` Համլետ Միքայելյանը նշեց, որ այս հարցում իր մեղքն ունի ԿԳՆ, որը իր վրա է վերցրել դասագրքերի պատրաստելու խնդիրը, այնինչ պետք է միայն երաշխավորի գիրքը: Նա իր դժգոհությունը հայտնեց նաև նախարարից, նշելով, որ նախ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով.

«Նախարարը Նիկոլսկու անունն է տալիս, ով կրթությունից հեռու է: Ընդհանրապես ռուսական մաթեմատիկական կրթությունը շատ հեռու է իրականությունից, կիրառական ոլորտից»,- նշեց նա` չհամձայնելով, որ խորհրդային տարիների այդքան գովերգված կրթությունը լավն էր:

«Դա տոտալիտար համակարգին բնորոշ կրթություն էր և այդ առումով լավ էր: Մասնագետ պատաստելու համար լավն էր խորհրդայինն կրթությունը, բայց ոչ մարդ պատրաստելու համար»,-նկատեց նա:

Նրա խոսքով, ի վերջո պետք է այնպես անել, որ դասարանի 70 տոկոսը չատի մաթեմատիկայի ուսուցչին: