Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրներ չունի. երկրորդ նախագահի խոսնակ
«Փառք Աստծո, Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրներ չունի»,– Tert.am–ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այսօր մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի և հետազոտվել է Գերմանիայում։ Մեր այն հարցին, իսկ ճիշտ է լուրը, որ երկրորդ նախագահը հետազոտվել է Գերմանիայում, Սողոմոնյանն արձագանքեց. «Դա արդեն որևէ մեկի գործը չէ»։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, թե «չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի և մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է»։ Միաժամանակ թերթին չէր հաջողվել իր տեղեկությունները պաշտոնապես ճշտել։









