Հռոմում հասարակական տրանսպորտը 4 ժամ չի գործել

20:25 • 14.03.12

Հռոմի տրանսպորտն այսօր 4 ժամ շարունակ չի գործել, քանի որ փոխադրումների ոլորտի իտալացի աշխատակիցները գործադուլի միջոցով բողոքել են իշխանությունների «բիրտ միջոցառումների» և աշխատանքի ոլորտում անցկացված բարեփոխումների դեմ, այս մասին հաղորդում է PressTv.7 կայքը:

Իտալիայի իշխանությունները` վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորությամբ, իրենց հերթին պնդում են, թե այդ բարեփոխումներն ուղղված են նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ըստ տրանսպորտային միության անդամների` այդ քայլերը հանգեցնելու են աշխատատեղերի նվազմանն ու աշխատանքային պայմանների վատթարացմանը:

Առաջիկայում սպասվում է վարչապետ Մոնտիի աշխատանքային ծրագրի ներկայացումը երկրի խորհրդարանում:

Անցած տարվա դեկտեմբերին Իտալիայի կառավարությունը 33 մլրդ եվրոյով իր պարտքը կրճատելու ծրագիր էր ընդունել:

Իտալիայի պարտքը 4-րդ ամենամեծն է աշխարհում և կազմում է մոտ 2 տրիլիոն եվրո: