Ռիկ Սանտորումը հաղթել է Ալաբամայում և Միսիսիպիում անցկացված «փրայմերիզում»
Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը հաղթել է Միացյալ Նահանգների միանգամից երկու նահանգներում անցկացված Հանրապետական կուսակցության «փրայմերիզում», հաղորդում է Reuters գործակալությունը:
Միսիսիպիում անցկացված քվեարկության 96% ձայների հաշվարկից հետո, Սանտորումը ստացել է 33% քվե: ԱՄՆ նախագահի թեկնածության մեկ այլ հավակնորդ` Նյուտ Գինգրիչը, ստացել է 31% ձայն: Նրանց հաջորդում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, որի օգտին քվեարկել է հանրապետականների 30%-ը:
Ռիկ Սանտորումը, նախնական տվյալների համաձայն, հաղթանակ է տարել նաև Ալաբամա նահանգում անցկացված «փրայմերիզում»: 29% ձայների հաշվարկից հետո, 35% քվե արդյունքով առաջատարին հաջորդում է Նյուտ Գինգրիչը` 30% ձայնով, իսկ Միթ Ռոմնին 28%-ով երրորդն է:
Հանրապետական կուսակցությունից Բարաք Օբամայի հակառակորդը կորոշվի «փրայմերիզի» շրջանի ավարտից հետո (2012 թ.-ի սեպտեմբերին), նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ:









