Շարմազանովի պատասխանը` «համառորեն չհասկացող» թուրք փոխվարչապետին
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի` «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող»:
Թուրք պաշտոնյան ասել է. «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»:
Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից”:
Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական և որևէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլև այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական և հայկական պատմական տարածքների հիման վրա` ոչնչացնելով բնիկ հայ և հույն բնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները և թուրքերը»:
Շարմազանովի խոսքով, ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից և Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից:









