Վրաստանից փոքր ոչխարներ են բերում, վաճառում հայկական գառի անվան տակ. Հրաչ Բերբերյան

12:11 • 14.03.12

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը չի կիսում Գյուղնախարարության այն հայտարարությունը, ըստ որի, նախորդ տարի անասնաբուծությունը բարձր ցուցանիշներ է գրանցել և պնդում է, որ Վրաստանից փոքր ոչխարներ են ներկրվում Հայաստան և վաճառվում հայկական գառի անվան տակ:
«Եթե այդպես լիներ մենք շուկայում չէինք ունենա մսի այսքան բարձր գին: Մեր նախարարներից մեկը վերջ դրեց Հայաստանում ոչխարաբուծությանը՝ վաճառելով հարևան Իրանին: Իսկ հիմա գնում են Վրաստանից փոքր ոչխարներ են բերում են ու սուպերմարկետներում դնում են հայկական գառի անունի տակ վաճառում»,- ասաց նա։

Բերբերյանը տեղեկացրեց, որ այսօր շուկայում շատ է նաև արտասահմանից ներկրված սառեցված մսամթերքը, որը հալեցվում և կրկին վաճառվում հայկականի անվան տակ:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ այսօր պատշաճ մակարդակով պայքար աֆրիկյան ժանտախտի դեմ չի կատարվում: Բացի դրանից կենդանիների մոտ գրանցվել են նաև տուբերկուլյոզ և այլ հիվանդություններ:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ–ի նախագահը նաև ողջունեց գյուղացուն դիզվառելիքի սուբսիդավորում հատկացնելու՝ կառավարության նախաձեռնությունը և հույս հայտեց, որ այն կիրականացվի ամեն տարի:

Նրա խոսքով՝ լավ «Այս սուբսիդիաները լինեն մշտական, ոչ թե նախընտրական տարուց տարի: Մենք բողոքում են, որ երկու տարի առաջ լավ բերք չունեցանք, սակայն ի՞նչ էր արել պետությունը դրա համար»,- ասաց նա: