Տիմոշենկոն կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ. մամուլ
Ուկրաինայի Գերագույն ռադան մարտի 16-ին կքննի խորհրդարանական հանձնաժողովի կողմից Ուկրաինայի «Նավթոգազ» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև ստորագրված գազային պայմանագրերում պետական դավաճանության նշաններ հայտնաբերելու նպատակով անցկացված հետաքննության արդյունքները:
Երեքշաբթի «Տարածաշրջանների կուսակցություն»-ից պատգամավոր Ինա Բոգոսլովսկայան հայտնել էր, որ երկրի Անվտանգության ծառայությունն իրեն է տրամադրել «կարևոր մի փաստաթուղթ, որն ապացուցում է Ուկրաինայի համար ոչ շահավետ գազային պայմանագրերի կնքման հարցում Յուլիա Տիմոշենկոյի անձնական շահագրգռվածությունը»:
Որպես իր խոսքերի ապացույց` նա ներկայացրել է Ռուսաստանի գլխավոր ռազմական դատախազության` Տիմոշենկոյի նկատմամբ քրեական գործի դադարեցման մասին որոշումից մի քաղվածք, գրում է Podrobnosti.ua-ն:
Դրանում ներկայացվում են 2001թ. «Ուկրաինայի միասնական էներգահամակարգեր» կորպորացիայի նախկին ղեկավար Տիմոշենկոյի նկատմամբ Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազության կողմից հարուցված քրեական գործի որոշ մանրամասներ: Նա մեղադրվել է Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` այդ թվում` պաշտոնատար անձին կաշառք տալու կազմակերպում` անձամբ կամ միջնորդի միջոցով:
Քրեական գործը հարուցվել է «Ուկրաինայի միասնական էներգահամակարգեր»-ի ռուսական վարչության նախկին ղեկավար Վլադիսլավ Լիտվինովի հայտարարության հիման վրա:
Իր հայտարարության մեջ Լիտվինովը նշել է, որ 1996 թ.-ի հունվարից 1997 թ.-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում 15 հազ դոլար գումար է փոխանցել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց` անձամբ Յուլիա Տիմոշենկոյի կարգադրությամբ: 2005 թ.-ին, սակայն, գործը փակվել էր քրեական հետապնդման ժամկետները լրանալու պատճառով:
Մամուլը նշում է , որ «պետական դավաճանություն» հոդվածը նախատեսում է 10-15 տավա ազատազրկում:
Նշենք, որ Յուլիա Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման` վարչապետ եղած տարիներին լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, ապաստան է ստացել Չեխիայում:









