Այս տարի գրեթե բոլոր մշակաբույսերի բերքը կստացվի մոտ 20 օր ուշ. Հրաչ Բերբերյան
Մարտ ամսվա ցածր ջերմաստիճանի պատճառով գյուղատնտեսական տարվա վեգետացիայի ժամանակահատվածը ուշանում է, ինչը նշանակում է բերքի ուշացում:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում կարտոֆիլի տունկը արդեն գյուղացին սկսել էր, ապա այսօր եղանակային պայմանների պատճառով դա հնարավոր է:
«Կարոտֆիլի առաջին բերքը կլինի ոչ թե մայիսին, այլ հունիսին, իսկ ծիրանենին կհավաքենք հունիսի կեսի փոխարեն, հունիսի վերջին: Ի տարբերություն նախորդ տարիների, ամեն ինչ կլինի քսան օր ուշ»,- ասաց նա:
Բերբերյանը նաև նշեց, որ գյուղատնտեսական տարին հաջող կլինի հատկապես հացահատիկեղենի համար, սակայն այս տարի հնարավոր է, որ երկրորդ բերք չլինի։
«Եթե գյուղացին գարին ուշ հավաքի չի կարողանա վարունգ տնկել և հավաքել: Բայց պետք է նշել, որ վատ տարի չէ: Կարելի է ասել հաջող տարիներից մեկը»,- ասաց նա։
Ըստ Բերբերյանի՝ ի տարբերություն նախորդ տարվա կարտոֆիլի գնի, երբ այն կազմում էր 400 դրամ, այս տարի այն կսկսի 350 դրամից: Դրա պատճառն այն է, որ գյուղացուն այս տարի սերմերն ավելի էժան են տրամադրվել:









