Կուսակցական երիտասարդները խոսում են իրենց խնդիրների մասին

15:08 • 14.03.12

Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդ թևի ներկայացուցիչները լրագրողներին հետ հանդիպմանը ներկայացրին իրենց այն պահանջները, որոնք ակնկալում են ստանալ ընտրություններից հետո:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը հայ երիտասարդի առջև ծառացած խնդիրներից առանձնացրեց լավ ուսում ստանալու հնարավորությունը, աշխատանքի ապահովումը և բարեկեցիկ կյանքի ապահովումը:

«Երիտասարդությունն այսօր գնում է Հայաստանից: Այն արտագաղթի ամենախոցելի խումբն է: Մենք ուզում ենք, որ հենց այս հարցերը բարձրացվեն: ՀՀ-ում ոչ մեկ չի կարող իրագործել իր նույնիսկ ամենաիդեալական ծրագրերը, քանի որ ՀՀ-ում գործում է հանցագործ իշխանություն»,- ասաց նա:

ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Ազատուհի Սիմոնյանն իր հերթին ասաց, որ ՀՀ-ում անընդունելի է այն, որ կրթաթոշակները մնում են նույնը, իսկ վարձերը բարձրանում:

«Երիտասարդությունը բնակարանով ապահովվելու խնդիր ունի, չնայած վարկավորումներ տրվում են, բայց դրանք ոչ միշտ են հասանելի: Մինչև քսանհինգ տարեկան երիտասարդներից պահանջում են աշխատանքային փորձ, սակայն որտեղից նրան այդ փորձը: Եվ վերջապես պետք է մեր օրենսդրության մեջ «Երիտասարդության մասին» օրենք լինի»,- ասաց նա։
Ըստ Ազատուհի Սիմոնյանի՝ այս խնդիրները ՀՅԴ երիտասարդները ներկայացրել են ՀՅԴ գերագույն մարմնին՝ նախընտրական ծրագրում ընդգրկելու համար:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խնդրեց չառանձնացնել երիտասարդների խնդիրները հասարակության այլ շերտերի խնդիրներից:
«Աշխատատեղերի խնդիրն այսօր արդիական է, բայց ասել, որ ոչինչ չի արվում, չի կարելի: Այսօր չկա մի պրոֆեսիոնալ մարդ, որը աշխատանքի խնդիր ունենա, գուցե աշխատավարձը չի բավարարում, բայց դա այլ հարց է»,- նկատեց նա:
Կարեն Ավագյանը նաև անդրադառձավ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանի՝ երիտասարդության արտագաղթի մասին հայտարարությանը, նշելով, որ արտագաղթի մասին տեղեկություններն «ուռճացված են»:

«Աշխարհը շարժական է: Երիտասարդները մեկնում են ուսում ստանալու, ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու: Դա իրենց իրավունքն է»,- ասաց նա: