Երիտասարդ կուսակցականներն ասում են, որ կարողանում են միմյանց հետ համագործակցել
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հազ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ներկայացուցիչները այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեցին, որ կարողանում են միմյանց հետ համագործակցել:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ վերջին շրջանում հաճախ են կազմակերպվել միջոցառումներ կուսակցությունների երիտասարդ թեմերի աջակցությամբ:
ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Ազատուհի Սիմոնյանն էլ կարևորելով կուսակցությունների միջև մրցակցությունն ասաց. «Կուսակցությունների պայքարը պետք է լինի գաղափարական, ոչ թե թշնամական: Թեև մենք ունենք մրցակցության խնդիր, բայց կարողանում ենք համագործակցել երիտասարդներով»,- ասաց նա:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ևս հավաստիացրեց, որ իրենք կարողանում են համագործակցել այլ կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ։ «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն երիտասարդների հետ, ովքեր կմտածեն Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իրենց ներկայացրած քաղաքական ուժերը առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում կընդգրկեն երիտասարդների, երեքն էլ լրագրողներին հորդորեցին սպասել ցուցակների հրապարակմանը:









