Աֆղանստանում մեքենայի վթարը` Պանետայի դեմ մահափորձ
Աֆղանստանի հարավային Հելմենդ նահանգում տեղակայված ամերիկյան Քեմփ Բոսթոն ռազմաբազայում տեղի ունեցած միջադեպը դիտարկվում է ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետայի դեմ մահափորձ, գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը:
Երեկ անհայտ անձը գողացված մեքենայով ներխուժել էր ավիաբազայի թռիչքուղի, որտեղ մեքենան այրվել է, ինչից քիչ անց ռազմաբազայում է վայրէջք է կատարել Պաշտպանության քարտուղարի ինքնաթիռը:
Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Ջորջ Լիթլը` մեքենայում որևէ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել: Նա հավելել է, որ նախարարը չի տուժել, մինչդեռ անհաջողակ «ահաբեկիչը» ամբողջությամբ այրվել է:
«Դեպքի մասին դեռ ստույգ ապացույցներ չկան, մենք դեռ չգիտենք վարորդի դրդապատճառները, պարզ չէ նաև, թե արդյո՞ք նա գիտեր, ով է ինքնաթիռում», - ասել է կապիտան Ջոն Քիրբին:
Պանետան միջադեպի մասին տեղեկացել է վայրէջքից հետո: Նշենք, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարը վերադառնում էր Ղրղըզստանից:









