Աշոտյանը առաջարկում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ
ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ, այս մասին նա ասաց այսօր Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում՝ աշակերտների հետ զրույցի ընթացքում:
«Նման խորհուրդ ստեղծելուց հետո ձեր ձայնն ինձ ավելի լսելի կլինի, ավելի հեշտությամբ կկարողանաք փոխանցել ինձ ձեր դժգոհություններն ու առաջարկները»,-ասաց նա:
Նախարարը աշակերտների հետ խոսեց 12-ամյա դպրոցի ստեղծման կարևորությունից և հավաստիացրեց, որ իրենք ավելի լավ այլընտրանք չեն ունեցել:
«Պահպանելով մերը՝ ներմուծեցինք աշխարհի լավագույն փորձը, որպեսզի մեր որակները համադրելի լինեն միջազգայինի հետ: Տասներկուամյա կրթությունը թույլ է տալիս երեխային հաղորդել գիտելիքների այն պաշարը, որը անհրաժեշտ է հասարակությանը: Մենք ոչ մի սխալ բարեփոխում չենք իրականացրել»,-ասաց նա։
Աշոտյանը նաև վրդովմունք հայտնեց այն պատճառով, որ շատերը, դեռ չտեսած 12-ամյա կրթության վերջնական արդյունքը, դգոհում են դրանից:
Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Էդուարդ Մարտիրոսյանը աշակերտների հետ զրույցի ընթացքում նախարարին առաջարկեց, որ 9-րդ դասարանից սկսած աշակերտներին թույլ տրվի այցելել բուհեր, որպեսզի ավելի ճիշտ կողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում:
«Շատ լավ առաջարկ եք անում, բայց պետք է տեղեկացնեմ, որ նման ծրագիր արդեն կա: Մի շարք դպրոցներ արդեն իսկ կցվել են տարբեր բուհերի, և աշակերտներն առաջիկայում դրա հնարավորությունը կունենան»,- ասաց նա:
Աշակերտների հետ զրույցին ներկա էր նաև ավագ դպրոցի վերանորոգումը ստանձնած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ով աշակերտներին խորհուրդ տվեց միշտ հավատալ իրենց ուժերին:









