Եթովպիական զորքը հարված է հասցրել Էրիտրեայի ռազմաբազային

19:42 • 15.03.12

Եթովպիական զինված ուժերն այսօր հարված է հասցրել հարևան Էրիտրեայի ռազմաբազաներից մեկին` ի պատասխան եթովպիական Աֆար շրջանում հինգ եվրոպացի զբոսաշրջիկների սպանության, հայտնել է երկրի կառավարության ներկայացուցիչ Շիմելես Քեմալը:

Հիշեցնենք, որ զոհվել էր Գերմանիայի ու Հունգարիայի երկուական և Ավստրիայի մեկ քաղաքացի: Բացի այդ, առևանգվել էին Եթովպիայի ու Գերմանիայի երկուական քաղաքացիներ, որոնք հետագայում բաց էին թողնվել: Եթովպիայի իշխանությունները մեղադրում են Էրիտրեային օտարերկրացի զբոսաշրջիկների առևանգման ու սպանության մեջ,  սակայն վերջինը հերքում է մեղադրանքները` դրանք անվանելով «բացարձակ սուտ»:

«Եթովպիայի զորքը մտել է Էրիտրեա և հաջող հարձակումներ իրականացրել զինվորական պահակակետերի վրա, որոնք օգտագործվել են դիվերսիոն խմբերի պատրաստման, կազմակերպման ու ֆինանսավորման համար», - ասել է Քեմալը:

Նրա կարծիքով` քիչ հավանական է, որ Էրիտրեան պատասխան հարված հասցնի:

Էրիտրեան Եթովպիայից անկախացել է 1993թ.-ին, 30 տարի տևած պարտիզանական պատերազմից հետո: 1998թ. երկու երկրների միջև ռազմական հակամարտությունը վերսկսվել է, որի հետևանքով զոհվել է տասնյակ հազարավոր մարդ: