Թեյի շուկայում ուսումնասիրություններ կանցկացվեն. մեկանգամյա օգտագործման թեյերում ներկանյութեր կան
Այս տարի ուսումնասիրություններ են անցկացվելու թեյի շուկայում, քանի որ կան ահազանգներ, որ մեկանգամյա օգտագործման թեյերում կան ներկանյութեր: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Բախչագուլյանը անդրադարձավ «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրանքում հայտնաբերված խախտմանը: Նշենք, որ երեկ ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նորման գերազանցող նիտրիտների քանակություն և արտադրանքը ետ էր կանչել:
Բանախոսի խոսքով տեսչությունը լաբորատոր փորձաքննության է ենթարկել «Արաքս» թռչնաֆաբրիկայի ամբողջ արտադրանքը: «Ընկերությանը շուկայից ետ կանչելու խնդրանք է ուղարկվել, տնտեսվարողը բարեխիղճ կատարել է և տեղեկացրել է սպառողներին»,-ասաց Բախչագուլյանը:
Իսկ ինչ վերաբերում է տուգանքին, ապա, նրա խոսքով, այդ մասին պարզ կլինի մի քանի օրից. «Ստուգումները ավարտվել են մարտի 7-ին և օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում կազմվելու է արձանագրություն, որը կներկայացվի տնտեսվարող սուբյեկտին, որտեղ էլ նշված կլինեն տուգանքների չափերը»,- տեղեկացրեց բանախոսը:
Խոսելով կաթնամթերքների շուկայի մասին` Բախչագուլյանը հավատացրեց, որ ՏՄՊՀ-ի կողմից հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են տնտեսվարողների կողմից: Հիշեցնենք, որ ՏՄՊՀ-ն կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններում հայտնաբերել էր խախտումներ, մասնավորապես կոկոսի յուղի առկայություն կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկի արտադրանքում:
Անվտանգության տեսչության պետը տեղեկացրեց նաև, որ այսուհետ նոր մոտեցումներ կկիրառվեն ժամկետանց սննդամթերք հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ներմուծվող սննդամթերքը կենթարկվի լաբորատոր փորձաքննության:









