Եվրախորհրդարանը սպառնում է բոյկոտել Բելառուսում հոկեյի աշխարհի առաջնության անցկացումը
Եվրախորհրդարանն այսօր Բելառուսի հարցով բանաձև է ընդունել, որը սպառնում է խստացնել Մինսկի հանդեպ տնտեսական պատժամիջոցներն ու բոյկոտել 2014թ. Հոկեյի աշխարհի առաջնության անցկացումը: Այն պահանջում է նաև քաղբանտարկյալների ազատ արձակում:
Բանաձևի հեղինակները մեկ անգամ ևս ընդգծել են, որ Եվրամիության ու Բելառուսի միջև բանակցությունները չեն կարող շարունակություն ունենալ` առանց մարդու իրավունքների ու ժողովրդավարության բոլոր ոլորտներում դրական առաջընթացի: Փաստաթղթում անուն առ անուն թվարկված են այն քաղբանտարկյալները, որոնց Լուկաշենկոյի ռեժիմը պետք է շուտափույթ ազատ արձակի:
Եվրախորհրդարանը «կոչ է անում Եվրամիության անդամ և այլ ժողովրդավարական երկրների հոկեյի ազգային ֆեդերացիաներին ճնշում գործադրել Հոկեյի միջազգային ֆեդերացիայի վրա, որպեսզի այն վերանայի նախկին որոշումը և ուսումնասիրի այդ երկրում աշխարհի առաջնություն անցկացնելու հնարավորությունը, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները»:









