Կարլա Բրունին քննադատել է թերթերին իր երեխաների նկարները հրապարակելու համար
Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Սարկոզի-Բրունին իր պաշտոնական կայքէջում դիմել է լրատվամիջոցներին` կոչ անելով հարգել իր երեխաների` անձնական կյանքով ապրելու իրավունքը և չհրապարակել նրանց լուսանկարները: Հաղորդագրության մեջ Առաջին տիկինն ընդգծել է, որ առանց իր գիտության պապարացիների կողմից արված լուսանկարները հրապարակելը որոշ թերթերի համար դարձել է սովորական երևույթ:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` վկայակոչելով Առաջին տիկնոջը մոտ կանգնած անձանց, նման բաց նամակի պատճառ է հանդիսացել Paris Match թերթում այսօր լույս տեսած լուսանկարը, որտեղ պատկերված է Կարլա Բրունին 6- ամսական դստեր` Ջուլիայի հետ: Գործակալության տվյալով` այդ լուսանկարն արվել է մանկաբույժի սենյակից դուրս գալու պահին:
«Այդ իսկ պատճառով, ես համապատասխան լրատվամիջոցներից պահանջում եմ հարգել իմ երեխաների` անձնական կյանքով ապրելու իրավունքը` հաշվի առնելով այն, որ նրանք չեն կարող ապրել որպես ճգնավորներ», - ասել է նա:
Բրունին նաև նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե իր այս կտրուկ հայտարարություններն ինչ ազդեցություն կունենան իր ամուսնու նախընտրական վարկանիշի վրա:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 22-ին:
44-ամյա Կարլա Բրունին ունի երկու երեխա` 2001թ. ծնված որդի Օրելյեն, և Սարկոզիի հետ ամուսնությունից ծնված փոքրիկ Ջուլիան:









